Կարի մեքենաներով եւ այլ սարքերով կահավորված ավտոբուս, որը շրջելու է Հայաստանի մարզերում՝ այնտեղ նորաձեւության ոլորտը զարգացնելու նպատակով (ֆոտո)

19:31   28 նոյեմբերի, 2019

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մեկնարկեց «Syllabus» ստեղծագործ նախագիծը, որն իրենից ներկայացնում է կարի մեքենաներով, համակարգիչներով եւ արհեստագործական տարբեր գործիքներով կահավորված ավտոբուս, որը շրջելու է Հայաստանի տարբեր մարզերում՝ նորաձեւության ոլորտի մասնագետներ վերապատրաստելու նպատակով: Սա «Նորաձեւության եւ դիզայնի պալատի» հերթական նախաձեռնությունն է՝ իր գործընկեր Դիլիջանի «MADE» արհեստագործական պլատֆորմի հետ համատեղ:

Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ֆինանսավորմամբ:  

Ստեղծագործ շարժական ավտոբուսի հիմնական նպատակն է աջակցել մարզային համայնքների հզորացմանը եւ ստեղծագործող անձանց, արհեստագործների կարողությունների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների ու գաղափարների կիրառմամբ:

Ծրագրի շրջանակներում ստեղծված շարժական արհեստանոցը՝ անհրաժեշտ սարքավորումներով, գործիքներով և նյութերով համալրված, շրջելու է ՀՀ մարզերում: Տեղացի և արտասահմանից հրավիրված մասնագետներն էլ մարզաբնակ ստեղծագործողների համար կանցկացնեն սեմինարներ, վարպետության դասեր, վերապատրաստում:

«Նորաձեւության եւ դիզայնի պալատի» նախագահ, հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանն այսօր փոքրիկ էքսկուրսիա էր կազմակերպել Եվրոպական միության ներկայացուցիչների եւ նորաձեւության ոլորտի ազդեցիկ գործիչների համար՝ ուրախությամբ կիսվելով ամենանորաձեւ ավտոբուսի առաջին ձեռքբերումներով:

«Ավտոբուսը դեռ վերջնական կահավորված չէ, բայց ամեն ինչ մի քանի ամսվա ընթացքում կլուծվի: Ամանորյա տոներից հետո կսկսենք այս փոխադրամիջոցը ծառայեցնել իր նպատակին: Դրանով գնալու ենք տարբեր շրջաններ՝ սովորեցնելով արհեստը, կիսվելով գիտելիքներով ու փորձով՝ այն ամենով, ինչը կնպաստի եւ կօգնի, որպեսզի մարդիկ դա կիրառեն գործում եւ եկամուտ ունենան: Սա շատ կարեւոր է հատկապես Երեւանից դուրս, քանի որ տարբեր շրջաններում կան շատ տաղանդավոր մարդիկ: Նրանց մենք կսովորեցնենք ոչ միայն տեխնիկական բաներ, այլեւ մենեջմենք, բիզնեսի կառավարում եւ այլն»,-նշեց Վահանը:

Նախագծի կազմակերպիչները մտադիր են իրենց ճանապարհորդությունը սկսել ամենախուլ շրջաններից, որոնք, հատկապես, ունեն ոլորտի մասնագետների խորհուրդների եւ վարպետության դասերի կարիքը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը տպավորված էր նորաձեւ փոխադրամիջոցի տեսքից եւ ուրախ, որ հայկական շրջանների համար նման նախագիծ է մշակվել:

«Ես, իսկապես, շատ ուրախ եմ այս նախագծի կողքին լինելու համար: Ես սիրով եմ աջակցում այն ընկերություններին, որոնք ունեն մեծ նպատակներ, հատկապես, երբ խոսքը շրջաններում որեւէ ոլորտ զարգացնելու մասին է: Կարծում եմ՝ սա հրաշալի գաղափար է: Պետք է  իրոք ուղեւորվել տարբեր շրջաններ եւ մարդկանց հույս ներշնչել: Հրաշալի կլինի, եթե իսկապես կարողանաք կյանքի կոչել այդ գաղափարը: Մենք միտք ունենք միասին աջակցելու ստեղծագործ ոլորտին: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ եվրոպական երկրներում այդպիսի արդյունաբերությունները շատ կարեւոր են: Այստեղ էլ կան շատ տաղանդավոր եւ ստեղծագործ մարդիկ, որոնց ձեռքի աշխատանքներով դուք կարող եք ցույց տալ ձեր մշակութային ժառանգությունը: Գնացեք դեպի այդ անցյալը եւ դարձրեք այն ժամանակակից»,-իր խոսքում նշեց նա՝ հավելելով, որ անհամբերությամբ սպասելու է արդյունքին:

Վահան Խաչատրյանն էլ հույս հայտնեց, որ հունվարի վերջին կկազմակերպեն հերթական հանդիպումն ու կքննարկեն ավտոբուսի առաջին քայլերն ու հաջողությունները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE