14:06 24 հուլիսի, 2013Հայկական, ինչու չէ՝ նաեւ համաշխարհային քանդակի պատմության մեջ կին-քանդակագործը հազվագյուտ երեւույթ է: Հայաստանում կերպարվեստի այդ ուղղության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսել են հայտնվել անցյալ հարյուրամյակի 50-60-ական թվականներից: Նունե Թումանյանը նոր սերնդի կին-քանդակագործներից է, բայց արդեն հասցրել է զգալի հաջողությունների հասնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Իր ստեղծագործ ընտանիքի, հազվագյուտ մասնագիտության եւ ստեղծագործությունների մասին քանդակագործը պատմեց NEWS.am STYLE-ի թղթակցին:

Նունե, Ձեզ համար հե՞շտ է քանդակագործ լինելը: Ինչպե՞ս եք վերաբերվում մյուս «ոչ կանացի» մասնագիտություններին: Եվ ինչո՞ւ եք հենց քանդակն ընտրել:
Ես նույնիսկ չեմ էլ զգացել, թե ինչպես եմ ընտրել քանդակը: Հավանաբար ի ծնե տրված էր: Ինչ վերաբերում է ըստ սեռի մասնագիտություն ընտրելուն, ինձ համար այդ բացարձակ ոչ մի նշանակություն չունի: Իմ մասնագիտության հազվագյուտ լինելն ավելի շատ ֆիզիկական լարվածության եւ ծանրության մեջ է: Իսկ գեղեցիկի, ծավալի եւ գույնի զգացումը կանանց մոտ զարգացած է ոչ պակաս, քան տղամարդկանց: Ուղղակի, ի տարբերություն տղամարդու, կինը քանդակով զբաղվելու մի քիչ ավելի պակաս ժամանակ ունի: Մասնագիտություն ընտրելու հարցում ամենակարեւորը սերն է աշխատանքի հանդեպ: Երբ գործդ սիրով ես անում, արդեն ոչինչ չի թվում ո՛չ անսովոր, ո՛չ էլ բարդ:

Դուք եւ Ձեր ամուսինը ստեղծագործող մարդիկ եք, նույնիսկ նույն արվեստանոցում եք աշխատում: Այդ օգնո՞ւմ է, թե՝ հակառակը, խանգարում:
Շատ նուրբ հարց է: Նման հարցերում ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային հարաբերությունները հարկավոր է կառուցել այնպես, որ գոնե կարողանանք չխանգարել միմյանց: Կարծում եմ՝ ոչ բոլոր ստեղծագործող ընտանիքներին է հաջողվում: Պարզապես մենք այդ հարցին մեծագույն զգուշությամբ ենք մոտենում: Աշխատում ենք չմիջամտել միմյանց ստեղծագործական գործնեությանը, հատկապես աշխատելու ընթացքում: Մենք կարող ենք միայն կարծիք հայտնել աշխատանքի արդյունքի մասին, խնդրել մեկ-երկու հայացք գցել կատարած աշխատանքի վրա: Մենք տարբեր ոճերում ենք ստեղծագործում. Գեւորգի մոտ ավելի շատ առկա են անիմալիստական քանդակները, ինձ մոտ՝ այլ կոմպոզիցիաներ: Երեւի թե այդ էլ է մեծ առավելություն, քանի որ մենք միմյանց վրա ոչ մի ազդեցություն չենք ունենում: Կարող ենք միայն օգնել միմյանց զուտ տեխնիկական հարցերում:

Իսկ հե՞շտ է ժամանակը ստեղծագործական գործունեության եւ ընտանիքի միջև կիսելը:
Գիտեք, ես մեծ հաճույքով կզբաղվեի նաեւ գծանկարով եւ գրաֆիկական աշխատանքներս ու քանդակներս առանձին անհատական ցուցահանդեսների ժամանակ կներկայացնեի: Բայց անընդհատ քանդակով եմ զբաղված եւ ընդհանրապես ժամանակ չունեմ: Անշուշտ, ես նաեւ մայր եմ, իսկ ընտանիքն ինձ համար առաջնային նշանակություն ունի: Այդ պատճառով էլ ինձ համար ժամանակացույց եմ կազմել. երբ աշխատանքային օրս մոտենում է ավարտին, հանձնում եմ հերթափոխն ու ընտանիքով զբաղվում:

Ի՞նչ տեղ են գրավում Ձեր աշխատանքներում ընտանիքի եւ սեռերի փոխհարաբերությունների թեմաները:
Իմ աշխատանքներում անընդհատ առկա է կանանց եւ տղամարդկանց փոխհարաբերությունների թեման: Ինձ համար շատ հետաքրքիր է սեռերի հարաբերությունների հոգեբանությունն ու փիլիսոփայությունը, չէ՞ որ դա ամբողջ աշխարհի հիմքն է: Տղամարդիկ եւ կանայք շատ են տարբերվում մտածելակերպով, եւ միմյանց հասկանալու համար պետք է աշխատեն իրենց վրա եւ ճիգեր գործադրեն: Այնուամենայնիվ, նրանք այդպես էլ հանելուկ են մնում միմյանց համար:

Երբեւէ բախվե՞լ եք կոմերցիոն արվեստի եւ հոգու համար ստեղծագործելու ընտրության հետ կապված խնդրին:
Շատերն ինձ չեն հավատում, երբ ասում եմ, որ ստեղծում եմ ոչ թե դիտողի, այլ ինձ համար: Գեւորգի շնորհիվ, ով ինձ ամուր թիկունք է ապահովում, ես կարող եմ ինձ թույլ տալ չմտածել այն մասին, արդյո՞ք ինչ-որ մեկն աշխատանքս կհավանի, թե՝ ոչ: Իմ մեջ չկա հանուն կոմերցիայի ստեղծագործելու ձգտումը, բայց երբ իմ աշխատանքն ինչ-որ մեկն այնքան է հավանում, որ գումար չի խնայում այն ձեռք բերելու համար, ես մեծագույն բավականություն եմ ստանում:
Նունեի ամուսինը՝ Գեւորգ Հարությունյանը, Հայաստանում հայտնի քանդակագործ-անիմալիստ է: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմեց կենդանիների հանդեպ սիրո մասին եւ խոստովանեց, որ եթե քանդակը չընտրեր, անպայման կենդանաբան կդառնար: Գեւորգ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ անչափ շնորհակալ է ճակատագրին՝ իրեն ստեղծագործող կին պարգեւելու համար: Նա համոզված է, որ իրենց ամուր ընտանիքի գրավականներն են ընդհանուր գործը, համանման արժեքներն ու արվեստի հանդեպ սերը:
Լիլիթ Պետրոսյան