«Սեւ ուրբաթ», զեղչեր, շոփինգ. 6 խորհուրդ՝ ինչպես ճիշտ գնումներ կատարել

14:05   29 նոյեմբերի, 2019

Շոփինգի սիրահարներ, շնորհավորում ենք՝ այսօր ձեր օրն է: Ճիշտ է՝ «Սեւ ուրբաթը» պաշտոնապես ամրագրված չէ՝ որպես տոն, բայց ամեն տարի նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում այս օրը հատուկ զեղչերի շուրջ է հավաքում գնումների սիրահարներին: Երեւանում էլ «Սեւ ուրբաթ»-ը հաճելի ավանդույթ է դարձել հայ «շոպահոլիկների» համար:

Black Friday հասկացությունը ծագել է ԱՄՆ-ում՝ 1966 թ-ին: Շոփինգի այս տոնը հաջորդում է Thanksgiving-ին՝ Շնորհակալություն հայտնելու օրվան, եւ ազդարարում նախատոնական զեղչերի սկիզբը:

Այսօր երեւանյան մոլերը եւս հայտարարել են զեղչեր, ինչը նշանակում է, որ շատ-շատերը, նույնիսկ, աշխատանքն են կիսատ թողնելու՝ շտապելով մոլեր՝ հույս ունենալով իրենց նախընտրելի զգեստների կամ հագուստի այլ պարագաների վրա տեսնել ցանկալի զեղչեր: Հաջողություն ենք մաղթում բոլորին այդ «մրցավազքում», իսկ մինչ կսկսեք ձեր գնումները, NEWS.am STYLE-ը մի քանի խորհուրդ է պատրաստել այն մասին, թե ինչպես կարող եք ճիշտ կամ «խելացի» գնումներ կատարել:

Եվ այսպես՝

Գնումներ մի կատարեք վերջին պահին

Այո, մենք հաճախ հենց այդպես էլ անում ենք՝ հասկանում ենք, որ մեզ զգեստ կամ կոշիկ է պետք միայն այն ժամանակ, երբ որեւէ կոնկրետ առիթ է «այցելում» մեզ եւ զգեստապահարանում ոչ մի հարմար բան չենք գտնում: Նման տհաճ ու սթրեսային իրավիճակից խուսափելու համար յուրաքանչյուր աշխատանվարձի հետ փորձեք մտովի պատկերանել, թե ինչի կարիք երբեւէ կունենաք, ինչն է պակասում ձեր զգեստապահարանում եւ ամեն ամիս փորձեք լրացնել այդ բացը: Այդպես ձեզ երբեք հնարավոր չի լինի հանկարծակիի բերել:

Մանրակրկիտ ուսումնասիրեք պահարանը

Ինչպիսի՞ հագուստներ են գերակշռում ձեր պահարանում, ո՞ր գույներն են միանգամից աչքի ընկնում... Երբ տատանվում եք գնել այս կամ այն բլուզը, տաբատը կամ վերնաշապիկը, միշտ մտովի գնացեք դեպի զգեստապահարան ու փորձեք պատկերացնել, թե ձեր ընտրած տարբերակներից որն ավելի շատ կսազի ձեր զգեստապահարանի պարունակության հետ:

Անպայման փորձեք հագուստը գնելուց առաջ

Մենք հաճախ ալարում ենք փորձել որեւէ շապիկ, գլխարկ կամ նման պարագաներ գնելուց առաջ եւ առաջնորդվում ենք միայն դրա նորաոճ կամ գեղեցիկ լինելով: Մի ալարեք, անգամ ամենահասարակ եւ պարզ կառուցվածք ունեցող տոպը կամ շապիկը փորձեք, նախքան այն գնելը: Այն, ինչ մեզ դուր է գալիս առաջին հայացքից, ոչ միշտ է սազում մեր մարմնին:

Գեղեցիկ եւ պատրաստ գնացեք գնումների

Գնումների գնալիս մենք, սովորաբար, հագնում ենք ամենահարմարավետ հագուստը, հրաժարվում մեյք ափից, հարմարավետ հավաքում վարսերն ու ընտրում ամենահարմար կոշիկները: Բայց ավելի ճիշտ պատկերացում կկազմեք ձեր ընտրած հագուստի մասին, եթե պատրաստված գնաք գնումների: Օրինակ, եթե որեւէ երեկույթի համար զգեստ եք պլանավորում գնել, աշխատեք համապատասխան տեսքով փորձել այն՝ համապատասխան կոշիկներով, խնամված վարսերով եւ ճիշտ ընտրված կրծկալով: Երբեմն սխալ տպավորություն ենք կազմում հագուստի մասին, երբ ոչ ճիշտ պարագաների հետ ենք այն փորձում:

Մի խուսափեք գնել նոր հագուստ

Հաճախ, երբ նոր կոշիկի, ջինսե տաբատի կամ բլուզի կարիք ենք ունենում, գնում ենք այնպիսին, ինչպիսին արդեն ունեցել ենք մեր պահարանում, քանի որ մեզ ավելի հարմարավետ ենք զգում նմանատիպ հագուստով: Դա խանգարում է տեսնել նորն ու դիմել փոփոխությունների: Երբեմն էլ որեւէ հագուստի կողքով անցնելիս մտովի հավանում ենք այն, բայց մտածում՝ չէ՜, սա իմ ոճը չէ: Իզուր: Փորձեք այն, եթե, իսկապես, ձեզ սազում է եւ ամենակարեւորը՝ բարձրացնում  ձեր տրամադրությունը, առանց երկմտելու գնեք նոր ոճի այդ հագուստը, չէ՞ որ շոփինգն առաջին հերթին ստեղծված է ձեր տրամադրությունը բարձրացնելու եւ նյարդերը հանգստացնելու համար:

Մի ալարեք եւ շրջեք մի քանի խանութով

Երբ մի բան թրենդային է դառնում, բոլոր բրենդներն էլ ստեղծում են այդ նմուշից: Այնպես որ՝ մի բան գնելուց առաջ, փորձեք ուսումնասիրել բոլոր խանութների տեսականին ու դրանց առաջարկած գները նմանատիպ հագուստի համար: Ընտրեք այն տարբերակը, որն առվել հարմար է ձեր գրպանին:

Լավ ուսումնասիրեք հագուստը գնելուց առաջ

Երբ տեսնում ես մի զգեստ ու միանգամից հավանում, ցանկություն է առաջանում որքան հնարավոր է շուտ այն ընդգրկել զգեստապահարանում: Բայց մի առաջնորդվեք միայն էմոցիաներով: Լավ ուսումնասիրեք ցանկացած հագուստ գնելուց առաջ. միգուցե, այն որեւէ թերություն, բիծ կամ էլ թույլ կար ունենա: Առավել եւս, եթե տվյալ զգեստից էլի կա խանութում, ընտրեք այն, որը չունի որեւէ թերություն: Չէ՞ որ, դուք, ի վերջո, վճարում եք դրա դիմաց:

Ի դեպ, լուսանկարները «Շոպահոլիկի խոստովանությունները» ֆիլմից են, որը խորհուրդ ենք տալիս դիտել այսօր



© NEWS.am STYLE