Նորաձեւության փորձագետ. ինչպե՞ս գտնել սեփական ոճը

21:23   24 հուլիսի, 2013

Իմաստուն Կոկո Շանելը ժամանակին նշել է, որ նորաձեւությունը մշտական չէ, այն արագ անցնում է, իսկ ահա մարդուն հատուկ ոճը մնում է: Լինել անկրկնելի, խորհրդավոր, յուրօրինակ հետաքրքիր. այս մասին երազում է ցանկացած կին: Բայց ի՞նչ անել, եթե ի ծնե ոճի զգացողությունը բացակայում է: Ինչպե՞ս գտնել այն:

Մի ձգտեք կուրորեն պատճենել ուրիշների ոճը, չէ՞ որ դուք անհատ եք, իսկ օրիգինալը միշտ էլ պատճենից ավելի լավ է: Մտածեք, թե հատկապես որ հագուստը կզարդարի ձեր կազմվածքը, կհամապատասխանի ձեր տարիքին, սոցիալական կարգավիճակին, կենսակերպին:

Վախը, որ նոր իրը սովորական հնից վատը կլինի, շատ կանանց խանգարում է հետաքրքիր փորձարկումներ անել եւ սեփական ոճը ձեռք բերել: Նոր սանրվածքի կամ մազերի գույնի, արտասովոր կիսաշրջազգեստի կամ աքսեսուարների մասի՞ն եք երազում: Եթե դա ցանկության վայրկենական պոռթկում չէ, համարձակորեն իրականացրեք ձեր մտադրությունը: Նույնիսկ անհաջող փորձն օգուտ կբերի, քանի որ արդեն հստակ կիմանաք, որ այն ձեզ ընդհանրապես հարմար չէ:

Սովորեք գրագետ կերպով համադրել իրերը

Գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնց հետեւելով՝ հագուստ ընտրելիս կարող եք խուսափել կոպիտ սխալներից: Ահա դրանցից մի քանիսը.

- մի խառնեք տաք եւ սառը երանգները;

- գունային գամման ընտրեք՝ հաշվի առնելով ձեր գունատեսակը;

- հագուստում պետք է առավելագույնը 3 գույն լինի, հակառակ դեպքում կնմանվեք ծաղրածուի;

- ամուր գործվածքից իրերը հարկավոր է հագնել ամենավերեւում;

- ավելի լավ է զգեստապահարանում ունենաք մի քանի որակյալ, ձեզ կատարելապես հարմար իրեր, քան բազմաթիվ էժանագին եւ ակնհայտորեն անճաշակ հագուստ: Դրանց հիմքով կարող եք հետաքրքիր կերպարներ ստանալ:

Օգտակար է նաեւ ոճի տեսություն ու պատմություն ուսումնասիրելը, մասնագետների հետ շփվելը: Կարելի է նաեւ ոճաբանության դասընթացների մասնակցել կամ մի քանի դաս վերցնել պրոֆեսիոնալ ոճաբանից: Եղեք համառ, համբերատար, համարձակ, ստեղծագործող եւ անպայման կգտնեք ձեր ոճը:

Անժելիկա Մանուկյան



© NEWS.am STYLE