Տիգրան Մանսուրյանը, Հարություն Խաչատրյանը, մշակութային այլ գործիչներ ու հայտնիներ՝ բանաստեղծուհի Սոնա Վանի հատուկ երեկոյին (ֆոտո)

14:03   30 նոյեմբերի, 2019

Բանաստեղծուհի եւ հասարակական գործիչ Սոնա Վանը, որն այս տարի Չինաստանում արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակին, օրերս երեւանյան ժամանցային վայրերից մեկում համախմբել էր հայ մտավորականներին, մշակութային գործիչներին ու եթերից հայտնի այլ մարդկանց՝ ներկայացնելու իր մրցանակն ու նոր ժողովածուն։  Երեկոյի ընթացքում Սոնա Վանը կիսվել է չինաստանյան այցի տպավորություններով՝ առանձին դրվագներով ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու բարձրակարգ ընդունելության հետաքրքիր դրվագները։

Բանաստեղծուհին միջոցառման լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին:

Սոնա Վանը Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակին արժանացել է իր  «Լիբրետո անապատի համար» ստեղծագործության համար։ Մեկ շաբաթ այնտեղ անցկացնելով՝ բանաստեղծուհին հասցրել է մասնակցել մի քանի գիտաժողովների, հանրությանն ու լրատվամիջոցներին ներկայացրել պոեզիայի մասին իր բանախոսությունները, ինչպես նաեւ պաշտոնական մի շարք հանդիպումներ ունեցել մշակութային եւ քաղաքական անվանի գործիչների հետ, ովքեր ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից։ Սոնա Վանը ոչ միայն ստացել է մրցանակն, այլեւ աշխարհին եւս մեկ անգամ բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության իրողության մասին։

Երեւանյան հատուկ երեկոյի ընթացքում բանաստեղծուհին պատմել է այս ամենի մասին՝ հավելելով, որ իր համար բարձրագույն պատիվ է նաեւ այդ հաղթանակը տոնել հարազատ ու մտերիմ միջավայրում՝ մայրաքաղաքում՝ շրջապատված ամենամտերիմ մարդկանցով։

Բանաստեղծուհու հատուկ երեկոյի պատվավոր հյուրերից էին Տիգրան Մանսուրյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը եւ մշակույթի ոլորտի այլ հայտնի գործիչներ, որոնք շնորհավորել են բանաստեղծուհուն եւ բարձր գնահատել նրա կատարած աշխատանքը:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Աննա Խաչատրյանն ու «Դետք» խումբը: Երեկոյի հանդիսավարը Վրույր Թադեւոսյանն էր, որը եւս Սոնայի հետ մեկնել էր Չինաստան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE