«Նորաձեւության եւ տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրն ու դրա նպատակները (ֆոտո)

15:05   30 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 29-ին Երեւանում պաշտոնապես մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի, հայ դիզայներների և տեքստիլ արտադրողների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Մեկնարկը տրվեց հայաստանյան տեքստիլ արտադրության խոշոր գործարաններից մեկում: 

Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:  

Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։ Այն ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները: 

«Ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս յուրօրինակ ծրագիրը, որը տնտեսական և բնապահպանական առումով կնպաստի Հայաստանի կառավարության՝ կայուն զարգացում ապահովելու ջանքերին։ Այս ծրագիրը միավորում է Հայաստանի և Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարևոր է, որ ծրագիրը նաև խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի և աշխատանքի հնարավորություններ»,- նշեց Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը: 

Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության մեխանիզմներ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն  խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները: 

«Դեռ ծրագրի սկիզբն է, և գուցե մենք ամբողջովին չենք կարող գնահատել, թե ինչ արդյունք ենք ունենալու, բայց Հայաստանի համար շատ կարևոր քայլ է խոսել նորաձևության, տեքստիլի ոլորտում էկոլոգիայի մասին, քանի որ ոլորտի զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև դրա բացասական կոմպոնենտները, և որոնց վերաբերյալ ժամանակին խոսելը, արդյունավետ լուծումներ գտնելը շատ կարևոր կլինի»,- ասաց Վահան Խաչատրյանը:

Ծրագրի ղեկավար Էլեն Մանուկյանն էլ հավելեց՝ երկամյա ծրագրի ընթացքում իրենք աշխատելու են դիզայներների և տեքստիլ արդյունաբերության գործարանների հետ՝ փորձելով կապ և համագործակցություն հաստատել նրանց միջև:

«Բացի դրանից՝ մենք ուսումնասիրելու ենք դաշտը, որպեսզի հասկանանք՝ տեքստիլ արտադրության ընթացքում ինչ թափոններ են ի հայտ գալիս, և թե վերամշակման ինչ գործընթաց է անհրաժեշտ, որն իր հերթին կարող է և՛ էկոլոգիական խնդիր լուծել, և՛ առանձին արտադրություն դառնալ: Հայաստանում այս ուղղությամբ առայժմ որևէ մեխանիզմ մշակված չէ: Այդ մեխանիզմը մշակելու համար տեղայնացվելու է միջազգային լավագույն փորձը, որը տեղի մասնագետներին փոխանցելու համար Հայաստան են ժամանել «Eco-Age» և «Fashion Scout» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր արդեն երկար տարիներ համագործակցում են համաշխարհային բրենդների հետ»,- նշեց նա:



© NEWS.am STYLE