Հաղորդավար Վրույր Թադեւոսյանի նոր հաղորդաշարի շնորհանդեսը, 30-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

16:31   30 նոյեմբերի, 2019

Հաղորդավար Վրույր Թադեւոսյանը, որը տեւական ժամանակ է՝ բնակվում եւ աշխատում է ԱՄՆ-ում, օրերս մտերիմների, ընկերների, գործընկերների եւ հայկական շոու-բիզնեսի հայտնիների հետ նշել է իր՝ ԱՄՆ-ում մեկնարկող նոր՝ Continental հաղորդման շնորհանդեսն ու ծննդյան 30-ամյակը:

Հաղորդավարն իր կյանքի երրորդ տասնամյակը բավական հետաքրքիր է սկսել՝ այն նշելով միանգամից երեք երկրներում՝ Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում:

Վրույրը NEWS.am STYLE-ին արդեն պատմել էր իր նոր հաղորդաշարի, խորհրդավոր բացահայտումների եւ հայտնի հյուրերի մասին: Այս անգամ նա մեզ է տրամադրել Երեւանում կայացած իր խնջույքի լուսանկարներն ու կիսվել մանրամասներով:

«Շոուի ամեն մի թողարկման նկարահանման համար մանրակրկիտ աշխատանք ենք տանում, նախապես հանդիպում եմ ինչպես հերոսներիս, այնպես էլ նրանց մտերիմների ու կոլեգաների հետ։ Սա ամենաբարդ ու դժվար մասն է՝ իսկական լրագրողական աշխատանք, որը կերպարի ամբողջական բացահայտման հնարավորություն է տալիս։ Այդպես եմ բացահայտում այս կոնտինենտում բացառիկ հայերի ուժի ու ազդեցիկ համբավի մանրամասները»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով.

«Խորհրդանշական մի բան կա, գիտեք. Ամերիկայում իմ առաջին հեռուստանախագիծը կոչվում էր «30 տարին՝ 30 օրում»։ Սա մեր երկրի համար ամենածանր ժամանակաշրջանի պատմությանը նվիրված հատուկ հոբելյանական նախագիծ էր՝ «Հորիզոնի» բացառիկ արխիվային տեսադարանով։ Հիմա՝ ես եմ իմ 30-ամյակը նշում 30 օրում՝ տարբեր երկրներում։ Նախ՝ ԱՄՆ, հետո՝ Հայաստան, Հետո՝ Չինաստան, հետո նորից՝ Հայաստան։ Ամենատպավորիչն, իհարկե, երեւանյանն էր։  Այս երեկոն ինձ համար շատ կարեւոր էր, որովհետև տարվա մեջ մեկ-երկու անգամ եմ լինում Հայաստանում։ Կուտակված ասելիք կա, կարոտ, ջերմ ընկերական հանդիպման պահանջ։ Հայաստան այցելությունս միշտ զուգորդվում է աշխատանքով, ու չեմ հասցնում ընկերներիս ու մտերիմներիս հետ բավարար ժամանակ անցկացնել։ Նույնիսկ քույրս, որ բնակվում է Մոսկվայում, զարմուհուս հետ անակնկալ եկավ Երեւան՝ մասնակցելու շնորհանդեսին ու շնորհավորելու տարեդարձս։ Եվ երրորդ անգամ տորթի մոմերը փչեցի՝ այդպիսով սահմանափակելով նաեւ հոբելյանական տարեդարձիս արարողությունները»։

Հաղորդավարի խոսքով՝ Continental նախագիծը շատ շուտով կլինի նաեւ YouTube-ում :

«Այս նախագծի շնորհիվ կբացահայտենք ազդեցիկ եւ համաշխարհային ճանաչում ունեցող այն հայերին, ովքեր իրենց անձնական ու գործարար կյանքի անկաշկանդ պատմություններով, հաջողության բանաձեւերով ու հարուստ ապրելակերպի մասին զրույցներին զուգահեռ ցույց կտան իրենց առանձնատներն ու կենցաղը։ Մշակութային կյանքում, գործարար աշխարհում կամ ամերիկյան ժամանցի շուկայում ունեցած մեծ ազդեցությունով հանդերձ՝ հաղորդման հերոսները մարդկային բացառիկ ճակատագրերի կրող են։

Պրեմիերան մի փոքր հետաձգվեց, որովհետև Չինաստանից անսպասելի հրավեր ստացա մասնակցելու իրենց ամենախոշոր մշակութային փառատոններից մեկին։ Հիմա արդեն ամբողջովին պատրաստ ենք մեր հաղորդումները հերթով ներկայացնել հանրությանը»,-նշեց նա:

Հաղորդավարի երեկույթին ներկա էին հայկակն շոու-բիզնեսի հայտնիներից շատերը, այդ թվում` հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանը, Women's Club-ից Մաշան, երգչուհի Աննա Խաչատրյանը, հաղորդավար Ժակը, դերասանուի Արաքսյա Մելիքյանը, բանաստեղծուհի Սոնա Վանը եւ այլք:

Սյունե Առաքելյան  

Լուսանկարիչ՝ Հրայր Տիգրանյան



© NEWS.am STYLE