«Դատելով արձագանքներից՝ շանսերս բավական բարձր եմ գնահատում». «Միսս Աշխարհ»-ում Հայաստանը ներկայացնող Լիանա Ոսկերչյանը՝ մրցույթի փուլերի եւ իր ազդեցիկ պատմության մասին

12:25   1 դեկտեմբերի, 2019

Արդեն մի քանի օր է՝ հայկական համացանցը բուռն քննարկում է «Միսս Աշխարհ 2019» մրցույթում Հայաստանի մասնակից Լիանա Ոսկերչյանի հարցազրույցը մրցույթի Head to Head փուլի ժամանակ, որի ընթացքում «Միսս Աշխարհ Արմենա» տիտղոսակիր գեղեցկուհին պատմել է իր Վիտիլիգո մաշկային հիվանդության մասին՝ կոչ անելով հասարակությանը հանդուրժող լինել այդ ախտանիշն ունեցող մարդկանց հանդեպ եւ չորակել այն՝ որպես վարակիչ հիվանդություն:

Հայ օգտատերերն ու մրցույթի երկրպագուներն իրենց աջակցությունն ու հիացմունքի խոսքն են ուղղել համարձակ գեղեցկուհուն, որը համաշխարհային հարթակից հանդես է եկել հանդուրժողականության եւ ընդունման նման կոչով:

Լիանան այս ընթացքում հասցրել է հաղթահարել «Միսս Աշխարհ» մրցույթի եւս մի քանի փուլ, որոնց արդյունքներն էլ որոշելու են, թե որ երկրների գեղեցկուհիներն են հայտնվելու եզրափակչում եւ ներկայանալու դեկտեմբերի 14-ին կայանալիք վճռորոշ փուլին:

Մինչ այդ՝ NEWS.am STYLE-ը կապ է հաստատել այժմ Լոնդոնում գտնվող Լիանա Ոսկերչյանի հետ, զրուցել մրցույթի ընթացքից, Վիտիլիգոյի մասին պատմելու որոշումից եւ սպասելիքներից:

Հայ գեղեցկուհին ասում է՝ հասցրել է սիրել Լոնդոնը, թեեւ քաղաքը բացահայտելու ժամանակ ոչ միշտ է ունենում:

«Տպավորություններս շատ լավն են. քաղաքը շատ գեղեցիկ է, այն, ինչ հասցրել եմ տեսնել, շատ տպավորել է: Եղել ենք նաեւ Օքսֆորդի համալսարանում: Այս ընթացքում հիմնականում փորձերով ենք զբաղված եղել, մրցութային չորս փուլերն ենք հաղթահարել՝ Head to Head, «Տաղանդի», «Սպորտի» եւ Top Model մրցույթները: Երկու մրցույթի պատասխաններն արդեն պարզ են, երկուսը՝ դեռ ոչ: Top Model-ի եւ սպորտային մրցույթի թոփերում չհայտնվեցի, բայց «Տաղանդի» եւ Head to Head մրցույթի պատասխանները դեռեւս չենք ստացել: Կարծում եմ՝ բավական լավ եմ ներկայացել «Տաղանդի» փուլին: Ինչպես նշել էի՝ քանոն նվագել էի սովորել, որպեսզի Սայաթ Նովայի ստեղծագործություններից ներկյացնեի: Դատելով ժյուրիի արձագանքից՝ բավական տպավորված էին: Մինչ նվագելը բոլորը մոտենում եւ հետաքրքրվում էին, թե ինչ գործիք է, անհամբեր ցանկանում էին լսել ձայնը»,-ասում է Լիանան՝ հույս ունենալով եզրափակիչ հասնելու դեպքում դահլիճում հնարավորինս շատ եռագույններ տեսնել, հատկապես, որ նախորդ մրցույթում իր՝ Վիտիլիգոյի պատմությունից հետո առավել շատ է նկատել հայրենակիցների ջերմությունն ու աջակցությունը:

«Ինձ համար շատ դժվար էր այդ թեման բարձրաձայնելը, քանի որ երեք տարի շարունակ ես ոչ միայն չեմ խոսել այդ մասին, այլեւ խնամքով թաքցրել եմ դա: Ոչ միայն դեմքիս, այլեւ մարմնիս վրայի հետքերը տարբեր քսուքներով փորձել եմ ծածկել: Անգամ ընկերներիցս եւ բարեկամներիցս շատերը չգիտեին այդ մասին, քանի որ շատ էի նեղսրտում անընդհատ հարցերից ու խորհուրդներից: Մրցույթում այդ մասին խոսելու որոշումը եղել է իմը, քանի որ կարծում եմ՝ այս հարթակը, որն ունի շատ մեծ լսարան, իմ ձայնն ավելի լսելի եւ ազդեցիկ կդարձնի: Այն գիտակցումը, որ իմ օրինակը կարող է ինչ-որ մեկի կյանքը փոխել, նրան դարձնել ավելի ինքնավստահ, ինձ ստիպեց, որ չլռեմ: Հուսով եմ՝ ճիշտ նպատակիս հասել եմ: Արձագանքները բավական դրական են, ամեն օր ստանում եմ նամակներ: Ուզում եմ շեշտել, որ զգում եմ իմ ազգի կողմից այդ աջակցությունը, որ մեր հայրենակիցներն իմ կողքին են: Նրանց նամակներն ինձ շատ մոտիվացնում ու քաջալերում են: Շատերն էլ ինձ գրում են իրենց Վիտիլիգոյի պատմության մասին: Ուրախ եմ, որ միտքս ճիշտ է հասկացվել ու մարդիկ ընդունել են իմ պատմությունը»:

Տարիներ առաջ Վիտիլիգոյի մասին բարձրաձայնեց նաեւ «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» նախագծի մասնակից, մոդել Վիննի Հարլոուն: Հենց նրա շնորհիվ շատերը բացահայտեցին մաշկային այդ յուրահատկության մասին, որը մոդելին դարձնում էր տարբերվող եւ առանձնահատուկ: Իր հաջողությամբ Վիննին ոգեշնչեց նման պատմություն ունեցող հազարավոր մարդկանց, այդ թվում նաեւ հայ գեղեցկուհուն, որը հենց նրա միջոցով է առաջին անգամ բացահայտել, թե ինչ է Վիտիլիգոն, երբ դեռ չէր էլ հասցրել բախվել դրան:

«Երբ առաջին անգամ գնացինք բժիշկի մոտ եւ պատմեցի, որ ինձ վրա սպիտակ հետքեր են հայտնվել ու երբ բժիշկը նշեց Վիտիլիգոյի մասին, ես արդեն գիտեի, թե այն ինչ է եւ հետագայում ինչեր են լինում, այսինքն՝ բուժում չունի եւ հիմնականում առաջանում է ծանր սթրեսի հետեւանքով: Մայրս կողքիս  կանգնած ուշադիր լսում էր, թե ինչ է Վիտիլիգոն, իսկ ես արդեն ամեն ինչ գիտեի, որովհետեւ տարիներ առաջ Վիննիին էի տեսել հեռուստատեսությամբ, հետո համացանցում որոնել եւ հետաքրքրվել էի, թե դա ինչ է: Վիննին հենց առաջիններից է, որն այս խնդրի մասին բարձրաձայնել է ու շատ վառ օրինակ է շատերի համար: Ես հիմա ավելի հաճախ եմ նկատում մարդկանց, որոնց մոտ առկա է Վիտիլիգոն, ես ինձ վրա զգացել եմ հասարակության ճնշումը մեզ նման մարդկանց հանդեպ: Շատ եմ ցանկանում, որ դա չլինի, քանի որ դա ստիպում է նաեւ, որ բարդույթավորվես: Խնդրի մասին բարձրաձայնելու առաջնային նպատակս այդ ամենը կանխելն է եղել»:

Լիանայի հետ զրուցել ենք նաեւ մյուս մասնակիցների մասին: Գեղեցկուհին նշում է՝ բոլորին էլ մրցակից է համարում:

«Աղջիկների հետ արդեն հասցրել ենք ընկերանալ, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Բոլորն էլ մրցակից են, նրանք իրենց երկրների գեղեցկուհիներն են, ու ես բոլորիս ուժերը հավասար եմ գնահատում, իսկ ընտրությունն արդեն պրոֆեսիոնալ ժյուրիինն է լինելու: Այս մրցույթում կարեւորը միայն արտաքինը չէ, ինչպես եւ հուշում է կարգախոսը՝ «Գեղեցկությունը նպատակային է»:

Հենց դրա համար էլ անցկացվում են նախամրցութային փուլերը, որպեսզի ժյուրիի անդամները կարողանան հասկանալ նաեւ աղջիկների ներքինն ու նպատակները»,-ասում է նա ու հավելում,-«Դատելով արձագանքներից՝ շանսերս բավական բարձր եմ գնահատում, բայց չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել: Ես լավատես եմ, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, կլինենք լավագույն հորիզոնականներում, ինչո՞ւ ոչ՝ նաեւ հաղթողի դերում»:

Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայերը եւս կարող են քվեարկել Հայաստանի ներկայացուցչի օգտին՝ այցելելով հղումով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Լիանայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE