Ավիշայ Քոենի եւ Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լեւոն Մալխասյանի 75-ամյակին

20:44   3 դեկտեմբերի, 2019

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը հանդես կգա Հայաստանում: Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի ինքնատիպ համերգը,  դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: Երեկոն նվիրվում է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-ամյակին:

Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել:

Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս:

2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի եւ նրա տրիոյի ելույթները:

Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով. ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ:



© NEWS.am STYLE