NEWS.am Style-ն ընտրել է աշուն-ձմեռ 2013/14 սեզոնի լավագույն կերպարները

18:38   24 հուլիսի, 2013

Ամռան վերջին ամիսը մոտենում է եւ խանութներում արդեն հայտնվում է հաջորդ սեզոնի հագուստը: NEWS.am STYLE-ն առաջարկում է ընտրել աշուն-ձմեռ 2013/14 սեզոնի լավագույն կերպարները: Արդեն այսօր նորաձեւության սիրահարները պետք է կողմնորոշվեն աշնանային զգեստապահարան ընտրելու հարցում: Այդ իմաստով տեղին եւ օգտակար էին Փարիզի, Լոնդոնի եւ Նյու Յորքի նորաձեւության ցուցադրությունները:

Աշուն-ձմեռ 2013/14 սեզոնի հավաքածուներում գերիշխող դիրք է զբաղեցնում համազգեստը: Աշնանը նորաձեւ են համարվում «բնական» գույները. շափյուղայի երանգները, դասական սեւը, թաց ասֆալտի գույնը, պարսկական կապույտը…

Kane Christopher-ը վառ օրինակ է, որը թելադրում է հաջորդ սեզոնի միանգամից բոլոր միտումները: Քեյնը որոշել է ցուցադրել այն ամենը, ինչին ընդունակ է:

Սակայն նրա հավաքածուի գլխավոր թրենդը համազգեստային բաճկոններն են, որոնք, ի զարմանս շատերի, կարված են կապույտ ու սեւ երանգներով թեթեւ կտորից: Դիզայների կարծիքով, այն tomboy-ի եւ քաղաքային նորաոճ աղջկա իսկական համադրություն է:

Chloé-ի աշնանային հավաքածուն Clare Waight Keller տան ստեղծագործական տնօրենի համար թվով 4-րդն է: Քննադատների հավաստմամբ, վատ չի ստացվել. նա շարունակում է համարձակորեն առաջ տանել ֆրանսիական անվանի ապրանքանիշը:

Այս սեզոնին Chloé-ի աղջիկը հիշեցնում էր մեծ գրպաններով վերարկուով բրիտանական զինվորի: Սակայն Փարիզի արվարձանի սիրունիկ ֆրանսուհու կերպարը պահպանելու համար Քելլերը չի մոռացել կարճ շրջազգեստների, սարաֆանների եւ ճերմակ օձիքի մասին:

Չնայած գույների եւ գործվածքի սխալ համադրության վերաբերյալ Paul Smith նորաձեւության տանն ուղղված քննադատության հեղեղին, ցուցադրությունը, մեր կարծիքով, բավական վառ էր եւ տպավորիչ, քանի որ հենց աշնանային սեզոնին գրեթե բոլոր դիզայներները համարձակ կերպով գործվածքների ամենատարբեր համադրություններ են փորձարկել:

Որոշ լուծումներ կարող են իսկապես տարօրինակ թվալ, սակայն կատարյալ կերպով կարված նեղ տաբատները, վերարկուները, oversized պիջակներն ու վերնաշապիկները Փոլ Սմիթի աղջկան վերածել էին ինքնավստահ, 1980-ականների ֆիլմերի կրքոտ կնոջ:

Ժամանակին սկսնակ դիզայներ Victoria Beckham-ն իր ձեռագիրը համարում էր նրբագեղ մատիտ-շրջազգեստները: Բայց 2012 թվականի վերջին Վիկտորիայի նորաձեւ կերպարը սկսեց վերածվել տղամարդու կերպարի:

Բեքհեմի ապրանքանիշի զարգացումը ստիպում է լրջորեն վերաբերվել դիզայներին, ով ընդամենը 6 հավաքածու է ստեղծել: Այս անգամ նա ցուցադրել է երկար սմոքինգներ՝ մեջտեղից բացվածքով թեւքերով, 1960-ականների ոճով կարճ տաբատներ, մետաքսե վերնաշապիկներ եւ անսովոր երկարությամբ՝ ծնկից փոքր-ինչ ներքեւ կիսաշրջազգեստներ:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE