Հանրահայտ դիետաների հետեւանքները

19:19   22 դեկտեմբերի, 2019

Հաճախ սոցցանցերում գտնելով հերթական դիետան ու ցանկանալով ամեն գնով նիհարել՝ մենք ամենեւին չենք մտածում այդ դիետաներից յուրաքանչյուրի հակացուցումների մասին: Եվ այսպես, ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ տարածված դիետաները:

Ընտրելով դիետա՝ մարդկանց մեծամասնությունն առաջնորդվում է դրա օգնությամբ նիհարած ընկերուհու խորհրդով, սոցիալական ցանցերով ու հեռուստահաղորդումներով: Մինչդեռ դիետան շատ անհատական հասկացություն է: Եվ դրանցից շատերը լուրջ հետեւանքներ ունեն օրգանիզմի համար:

Առանց լակտոզայի սննդակարգ

Ի սկզբանե դա եղել է զուտ բժշկական դիետա, որը նշանակում էին օրգանիզմում լակտոզայի՝ կաթնային շաքարը վերամշակող ֆերմենտի պակասի դեպքում: Իսկ հետո կաթնամթերքից սկսեցին հրաժարվել նաեւ նրանք, ովքեր իրենց սննդակարգում սահմանափակում էին շաքարի քանակը: Անլակտոզա դիետայի օգնությամբ հնարավոր է ամսական մոտավորապես 2 կգ նիհարել, եթե սննդի էներգետիկ արժեքը չի գերազանցում օրական 1500 կկալը:

Հետեւանքներ. Եթե հրաժարվեք կաթից, կաթնաշոռից ու պանրից, ապա կալցիումի պակաս ու օսթեոպորոզի սպառնալիք կառաջանա: Կալցիումի պաշարները լրացրեք՝ ձեր սննդակարգում հավելելով բրոկոլի ու կանաչ աղցաններ:

Առանց գլյուտենի դիետա

Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է հացահատիկի, տարեկանի ու գարու մեջ: Մթերքի պիտակների վրա «մոդիֆիկացված սննդի կրախմալ» «հիդրոլիզացված բուսական սպիտակուց» գրությունները նույնպես նշանակում են գլյուտենի առկայություն: Այս դիետայի միջոցով նիհարելը հիմա նորաձեւ է դարձել: Բայց էֆեկտը, ամենայն հավանականությամբ, ապահովվում է նրանից, որ հրաժարվում ես հացից, մակարոնից եւ արագ սնունդից:

Հետեւանքներ. Առողջ մարդիկ չպետք է գլյուտենը հանեն սննդակարգից: Դա կարող է օրգանիզմում նվազեցնել երկաթի, կալցիումի, В խմբի վիտամինների պարունակությունը:

Բուսակերություն

Ամբողջովին արգելվում են կենդանական ծագման բոլոր սննդատեսակները՝ այդ թվում կաթն ու ձուն: Նման դիետան կօգնի, եթե ձեզ հաջողվի ճիշտ ընտրել փոխարինող մթերքն ու սնունդը բազմազան դարձնել:

Հետեւանքներ. Չնայած մսի ու ձկան սպիտակուցներին մասամբ փոխարինում են ընկույզն ու ոլոռազգիները, այնուամենայնիվ անհնար է բույսերից ստանալ անփոխարինելի ամինաթթուների ամբողջ հավաքածուն: Ստիպված եք լինելու ընդունել սննդային հավելումներ ու վիտամիններ: Բուսակերության տհաճ հետեւանքներից մեկն է երկաթի պակասը (ցածր հեմոգլոբին), նաեւ ցինկի ու վիտամին B 12-ի պակասը:

Աղբյուր՝  Liza.ua



© NEWS.am STYLE