Իմ պատմությունը. «Ես նա եմ, ով կամ եւ գտնվում եմ այնտեղ, ուր պետք է լինեմ»

23:09   24 հուլիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:

«Ուղիղ մեկ տարվա դադարից հետո առաջին պատվածքը, որ հասցրեցի տրամաբանական ավարտին, «Եվա» վերնագիրն է կրում: Ակտիվորեն սպասում են Ձեր արձագանքներին, դժգոհություններին եւ դիտողություններին: Ցանկացած կարծիք կընդունեմ մեծ սիրով:

«Եվա»

Կրկին նույն լուսինն է իր հին տեղում կախված եւ ճիշտ նույն աստղերի դասավորությունն է, ինչ երեք օր առաջ էր: Երկու լուսնային փուլ էր անցել արդեն, սակայն երկնքում ոչ մի փոփոխություն չէր նկատվում: Նույնիսկ օտար քաղաքի երկնքում էր ամեն ինչ ճիշտ այնպես դասավորված, ինչպես իմ քաղաքում էր: Երբեմն ինձ թվում է, որ երկնքում ոչինչ երբեք չի փոխվում: Միշտ նույն արեգակն է փայլում, նույն լուսինն իր բոլոր փուլերի ժամանակ միեւնույն ձեւն է ունենում, բոլոր աստղերը միշտ պարտաճանաչ իրենց դիրքերում են լինում: Տիեզերքն անսահման ու անծայրածիր է, եւ չնայած դրան, երկրի բոլոր անկյուններում գիշերային երկինքը միշտ նույնն է լինում: Երեւի շատ աստղագետներ կփորձեին ինձ հակառակն ապացուցել: Բայց ինչպես Էյնշթեյնն է մի անգամ ասել` «երեւակայությունն ավելի կարեւոր է, քան փաստերը»:

Այո, շուրջ երկու ամիս էր՝ ամեն գիշեր փողոցում նստած նայում էի աստղազարդ երկնքին եւ ժամանակս անցկացնելու համար հաշվում աստղերն ու ուսումնասիրում լուսնին բոլոր փուլերում: Եվ ուղիղ երկու ամիս առաջ էր, երբ ես հայտնվեցի փողոցում:

Զավակներին սխալների համար ծնողները միշտ նախատում են, բայց որոշ ժամանակ անց բոլորն էլ ներում են իրենց որդիներին: Ես էլ մարդ եմ (եթե, իհարկե, դեռ կարելի է ինձ այդպես կոչել), եւ ես էլ անսխալական չեմ: Բայց եթե նույնիսկ հանցագործներին ներում եւ կրկին սիրով ընդունում են իրենց ծնողները, ապա ինձ իմ ծնողներն այլեւս ընդունել չկարողացան:

Մտածում եմ, քայլում, շարունակում գրել եւ նորից նայում երկնքին: Ինչքան գեղեցիկ է ամեն ինչ, ինչքան պարզ ու մաքուր:

Տարիներ շարունակ կանգնել եմ փողոցում` բաց երկնքի տակ, բայց երբեք չեմ նայել վերեւ, երբեք չեմ նկատել փայլող աստղերն ու նրանց գեղեցկությունը: Փոխարենը միշտ փնտրել եմ այդ գեղեցկությունն այստեղ` ներքում: Չիմանալով ու չմտածելով անգամ, որ ներքեւում ոչինչ գեղեցիկ չէ արդեն: Իսկ ես մինչ այդ բազում գեղեցիկ տղամարդկանց եմ հանդիպել, ովքեր իրենց ձեռքին ունեին ամուսնական գեղեցիկ մատանի: Չէ, մատանին չէր գեղեցիկ, այլ նրանց ձեռքերը եւ այն օրը, երբ նրանք նույն մատանին դրել են իրենց կնոջ ձեռքին: Ու շատ անգամ աշխատանքից  ձեռքերի վրա հայտնված խոշոր երակներն էին գեղեցիկ: Իհարկե, կմտածեք՝ գժվել եմ, բայց չէ, ուղղակի չգիտեք ինձ: Տղամարդու՝ երակներով պատված գեղեցիկ ձեռքերն իմ թուլությունն են: Դրանք, որ ինձ պինդ գրկելուց հետո վերջում հանձնում են իմ վաստակած գումարը:

Դե հետո էլ ինչպե՞ս ինձ ներեն իմ ծնողները: Իսկ մ՞իթե ներում կա իմ նմաններին: Ես, որ երբեք ոչնչի կարիք չեմ ունեցել եւ շատերի նման գումարի համար չեմ վարել նման կյանք, այսօր մեղադրում եմ ծնողներիս ու իմ շրջապատին, որ մնացել եմ մենակ ու փողոցում: Մ՞իթե փողոցը չէր այն տեղը, որին ես արժանի էի: Մ՞իթե կարծել եմ, որ գեղեցիկ ձեռքով մի երիտասարդ էլ մի օր իմ ձեռքին ոսկե մատանի կդնի: Իհարկե չէ: Ես նա եմ, ով կամ եւ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ: Բայց միայն մի բան է փոխվել: Այն, որ ես միայնակ չեմ:

Երկու ամիս առաջ էր, ինձ վատ էի զգում եւ սրտումս ծակոց զգացի: Կարծես ներսից ինչ-որ մեկն ինձ ճնշում էր: Մայրիկիս հետ գնացինք ստուգվելու եւ պարզվեց, որ ես շուտով մայր եմ դառնալու: Այդ ամենից հետո էլ ծնողներս իմ մասին ամեն ինչ իմացան եւ ինձ իմ աղջկա հետ դուրս շպրտեցին:

Հիմա էլ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Հիմա էլ սիրտս ամեն օր ծակոց է զգում: Նույնիսկ տեղափոխվեցի ուրիշ քաղաք, բայց այստեղ էլի ես եմ ու էլի չեմ փոխվել…

Բոլոր երեխաներն էլ զգում են իրենց մայրիկի հույզերը, երբ արդեն ծնված են լինում: Չնայած ասում են՝ երեխաներն իրենց մոր հուզմունքը, ուրախությունը զգում են նաեւ դեռեւս չծնված: Բայց գրեթե մեծ մասն անտեղյակ է լինում, թե հատկապես ինչ է զգացել իրենց մայրը, երբ ինքը դեռ ծնված չի եղել:

Բայց իմ աղջիկը կարող է նաեւ կարդալ իմ մտքերն ու իմանալ, թե ես ոնց եմ սպասել իրեն: Իհարկե, ինձ հետաքրքիր է նաեւ իմ աղջկա հետագա ճակատագիրը, բայց շատ ավելի լավ կլինի, եթե նա ինձնից թաքուն կարդա եւ իմանա, որ իր մայրն իրեն կրելու ժամանակ եղել է ընդամենը փողոց մաքրող: Այո, թող այդպես իմանա:

Խնդրում եմ Ձեզ, բարի՛ մարդիկ, երբ ծնվի իմ հրաշք աղջիկը, նրան անպայման կհանձնեք մանկատուն եւ այս նամակները`բացառությամբ նրանց, որոնք ես կայրեմ, կդնեք նրա հետ: Ուզում եմ, որ երբ աղջիկս մեծանա ու հասուն մարդ դառնա, կարդա այն:

Ու նաեւ մտածում եմ, որ աղջկաս կոչեմ երկնային անուններով` Լուսինե, Աստղիկ կամ Արեւիկ: Բայց քանի որ աղջիկս է իմ կյանքի միակ իմաստը, խնդրում եմ, որ նրա անունը դնեք Եվա, որ նշանակում է կյանք:

Քեզ սիրող ու սիրով սպասող մայր` Վեներա

21.07.2013թ.»



© NEWS.am STYLE