«Որոշել եմ սիրտս նեգատիվով չաղտոտել»․ Քլոե Քարդաշյանը ներել է իրեն դավաճանած Թրիսթան Թոմփսոնին

15:19   7 դեկտեմբերի, 2019

Այս տարվա սկզբին 35-ամյա Քլոե Քարդաշյանը դավաճանության զոհ է դարձել. նրա սիրեցյալ ու դստեր հայր՝ Թրիստան Թոմփսոնը նրան դավաճանել է ընտանիքի մտերիմ՝ 22-ամյա Ջորջին Վուդսի հետ։  Բնականաբար, Քլոեն վիրավորված էր։ Սակայն կրքերը հանդարտվեցին եւ Քարդաշյանը կարողացավ ընկերական հարաբերություններ հաստատել նախկին բոյֆրենդի հետ։ Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուի վերջին սերիաներից մեկում նրանք անգամ գրկախառնվել են։

Հետեւորդների հարցերին ի պատասխան՝ Քարդաշյանն իր Instagram-ում մեծ գրառում է կատարել, որում խոստովանել է, որ սրտում այլեւս չարություն չի պահում նախկին ընկերոջ հանդեպ:

«Ես ոչ մեկի հանդեպ բացասական վերաբերմունք ու ատելություն չեմ տածում։ Կյանքը շատ կարճ է։ Եվ ով եմ ես, որ ինչ-որ մեկին դատապարտեմ։ Այո, հիմարություն կլինի ձեւացնելը, որ ես ցավ չեմ զգում։ Բայց ես չեմ ուզում ատելություն կրել իմ սրտում։ Ես խաղաղություն եմ ուզում։  Ես որոշեցի նեգատիվով չաղտոտել իմ սիրտը։ Ինձ թույլատրվում է ներել։ Ներումը ուժ է, ոչ թե թուլություն»,- ասել է Քլոեն։

Քարդաշյանը գրառում է նվիրել նաեւ Ջորջ Վուդսին, որը նախկինում եղել է նրանց ընտանիքի մտերիմ ընկերը եւ Քայլի Ջեների ընկերուհին: Նրա հանդեպ Քլոեն նույնպես չարացած չէ։

«Իմ կյանքն ատելությամբ լցված չի լինելու, ես որոշել եմ այն լրացնել դրականով։ Մենք բոլորս էլ սխալներ ենք գործում, այդ թվում եւ ես: Ատելությունը չափազանց ծանր բեռ է եւ ես հոգնել եմ այն իմ մեջ կրելուց»,- գրել է նա:



© NEWS.am STYLE