Իմ պատմությունը. «Մնաս բարով, սիրելիս: Ես սիրում էի քեզ…»

23:34   5 օգոստոսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

Ահա եւս մեկ նամակ:

«Շուրջ մեկ տարի է անցել: Ես վերադարձել եմ Մոսկվայից, քայլում եմ ծանոթ փողոցներով: Եվ քեզ եմ տեսնում՝ իմ մշտական սիրուն: Բայց… դու մենակ չես, քո… կնոջ հետ ես (մեկ տարվա ընթացքում հասցրել ես ամուսնանալ): Այնքան երջանիկ տեսք ունես, կարծես իսկապես ամեն ինչ անցյալում ես թողել, ոչինչ չկա եւ չի եղել: Բայց սպասեք… նա հղի է: Դու հայր ես դառնալու, եւ վստահ եմ, որ լավ հայր կլինես, իսկ ես մայր չեմ դառնա (չեմ կարծում, որ կկարողանամ քեզ փոխարինող գտնել):

Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք երազում հարսանիքի, երեխայի, ՄԵ՛Ր երեխայի մասին: Քո երազանքն իրականացավ, բայց ես չկամ այդտեղ (քո ֆիլմում ես քո կնոջ դերը չեմ խաղում, ինձ բաժին հասավ լքված կնոջ դերը)…

Ահա ես անցա քո կողքով՝ փորձելով թաքցնել արցունքներս, թախիծս: Չէ՞ որ դժվար է սիրելիիդ ուրիշի հետ տեսնել, այդ ամեն օր չի պատահում: Մի՞թե այդքան փոխվել եմ: Կամ էլ ձեւացրեցիր, թե չես ճանաչում: Մի՞թե մենք օտար ենք դարձել միմյանց: Որքան անարդար է կյանքը. մենք կարող էինք միասին լինել, ինչո՞ւ ոչինչ չստացվեց:

Գուցե հարկավոր է Մոսկվա վերադառնալ… կամ հեռանա՞լ այս կյանքից: Չէ՞ որ քեզ հետ էի կառուցել իմ բոլոր երազանքները, իսկ քանի որ դու չկաս, չկան նաեւ երազանքները… Մնաս բարով, կյանք: Մնաս բարով, սիրելիս: Ես սիրում էի քեզ…

Վերջին րոպեն է, կանգնած եմ անդունդի եզրին: Ներքեւում միայն քարեր են եւ լռություն, իսկ վերեւում՝ ցավ եւ խորտակված երազներ… Եվս մեկ րոպե, եւ ես այլեւս ցավ չեմ զգա… Ամեն ինչ վերջացավ…»:



© NEWS.am STYLE