Լուսանկարիչ Լիդիա Վիրաբյան. «Մի՞թե կարելի է երջանիկ լինել, եթե ինքդ դու չես»

20:11   10 դեկտեմբերի, 2019

Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ հիանալի լուսանկարիչ Լիդիա Վիրաբյանի ցուցահանդեսը։ Ավելի քան հարյուր հյուրեր էին հավաքվել անցած կիրակի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ շնորհավորելու երիտասարդ շնորհալի լուսանկարիչ Լիդիա Վիրաբյանին ծննդյան օրվա առթիվ եւ միաժամանակ վայելելու նրա աշխատանքները։

Հենց այդպես էր որոշել Լիդիան նշել իր 25-ամյակը, իսկ նվերների փոխարեն հավաքվածները բուժման կարիք ունեցող երեխաներին օգնելու հիանալի հնարավորություն ստացան։ Օգնելու «Եթե բոլորս» (If We All) բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, որը ներկայացնում էին Հ1-ի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը։ Եվ պատահական չէ, որ ցուցահանդեսը կոչվում էր HUMAN։

Այն մեր՝ մարդկանց մասին է, այն մասին, թե որքան կարեւոր է սերը, եւ նախեւառաջ՝ սերը մեր հանդեպ։ Չէ, խոսքը ինքնասիրության մասին չէ, ոչ էլ եսասիրության, այլ քեզ այնպիսին ընդունելու, ինչպիսին կաս։

«Մի՞թե կարելի է երջանիկ լինել, եթե ինքդ դու չես,- ասում է Լիդիան։- Մի՞թե ինչ-որ մեկի սիրո որոնումները դատապարտված չեն ձախողման, քանի դեռ ինքներս մեզ չենք սիրում։ Մի՞թե Էգոն, որը նստած է մեր բոլորի մեջ, արդյունքում մեզ համար ծուղակ չի դառնում»։

Լիդիան միտումնավոր չի ստորագրել իր լուսանկարները՝ հնարավորություն տալով մեզ ազատ ընկալել մեր տեսածը, եւ որ ավելի լավ է՝ պարզապես զգալ, նայել ու զգալ... Եվ իհարկե, մթնոլորտը այդքան հոգեհարազատ չէր լինի առանց դաշնամուրային երաժշտության... Տրամադրության աստիճանը բարձրացրեց DJ Güevo Markaryan-ը, նաեւ Van Ardi գինին, շփումն ու Լիդիայի հիասքանչ, հուզական ու բարի աշխատանքները։ Լուսանկարում՝ Լիլիթը Malena-ի հագուստով:



© NEWS.am STYLE