Կայացավ «Սուսերով պար» ֆիլմի մեծ պրեմիերան (ֆոտո)

11:41   12 դեկտեմբերի, 2019

Սինեմա Սթար Դալմա Գարդեն Մոլում երեկ` դեկտեմբերի 11-ին, կայացավ Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի մեծ պրեմիերան։

Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս Մեդիա» կինոընկերությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթեց ռեժիսոր եւ սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը, ով բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։

Մեր օրերում «Սուսերով պար» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության ամենահայտնի եւ ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը։ Յուսուպ Ռազիկովի խոսքերով նա իր առջեւ առաջադրանք չէր դրել նկարահանել դասական բայոպիկ. նրա ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն 2 շաբաթ է։

Կարեւոր էր սյուժեում տեղավորել կարճ ժամանակահատված, որ հստակ երեւար դրամատիկ իրադրությունը եւ լայնորեն հայացք նետել կյանքի այդ փոքր հատվածին։

«Ես առաջարկեցի ցույց տալ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ մենք փորձեցինք տեղավորել այն խնդիրներն ու երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ Վերջինն ավելի կարեւոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,- շարունակում է Ռազիկովը։

Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրամանի հիման վրա։ «Պար»-ը պլանավորված չէր ոչ լիբրետիստի կողմից, ոչ բալետմեյստերի կողմից եւ ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերեւից»։

Թատրոնի տնօրինության հրամանը շատ ջղայնացրեց կոմպոզիտորին, ով ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել եւս մեկ պար՝ թվով հինգերորդը։ Էսթետիկայի տեսանկյունից կոմպոզիտորը գռեհիկություն համարեց երաժշտության հանդեպ նման վերաբերմունքը. «Այդ կերպ աշխարհի ամենահայտնի գործերից մեկը գրվել է ճնշման տակ»։

Ֆիլմի նկարահանումներն անցել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի եւ շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի եւ մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երեւանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնում, որը նկարահանող խմբի տրամադրության տակ ընդամենը 5 օրով էր։ Այդ օրերը բավականին անհանգիստ էին, քանի որ Երեւանի փողոցներում անցնում էր «Թավշյա հեղափոխությունը»։

«Մենք հայտնվել էինք հեղափոխության կիզակետում, չէինք քնում, քանի որ բոլորը փողոցում աղմկում էին։ Կոստյումներն ու ռեկվիզիտները բերելն ընդհանրապես անհնար էր, քանի որ փողոցները մարդաշատ էին ու փակ։ Դրսում Երեւանը հեղափոխություն էր անում, իսկ մենք ներսում ֆիլմ էինք նկարում։ Սակայն անսպասելի հեղափոխությունը հաղթեց։ Եվ դա հենց նույն օրն էր, երբ ավարտվեցին նկարահանումները։ Այնտեղ արդեն հաղթանակած ազդանշանները, փողոցներում տոնող միլիոնավոր մարդիկ, լեփ-լեցուն սրճարաններ»,- հիշում է Յուսուպ Ռազիկովը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE