Վարժություն մայրերի եւ փոքրիկների համար

20:08   30 հուլիսի, 2013

Երբ ձեր երեխան դեռեւս փոքրիկ է, շատ ուշադրություն է պահանջում, եւ ոչ միշտ եք կարող ձեզ հետեւելու համար ժամանակ գտնել: Այդ պատճառով առաջարկում ենք հաճելին համատեղել օգտակարի հետ եւ սպորտով զբաղվել ձեր փոքրիկի հետ միասին:

Վարժություն 1

Պառկեք մեջքին, ծալեք ծնկները, ոտնաթաթերը դրեք գետնին: Փոքրիկին նստեցրեք գոտկատեղին կամ փոքր-ինչ բարձր: Ձեռքերով ամուր բռնեք նրան: Փորի մկանները ձգեք, գլուխը, պարանոցն ու թիակները բարձրացրեք գետնից, հետո վերադարձեք նույն դիրքին: Բարձրանալիս արտաշնչեք: Վարժությունը կատարեք 15-20 անգամ, հանգստացեք ու եւս 1-2 անգամ կրկնեք:

Վարժություն 2

Պառկեք մեջքին, ծնկները ծալեք դեպի կուրծքը: Երեխային փորիկով ծնկներին դրեք: Փորի մկանները լարեք, ազդրերը դանդաղ կտրեք հատակից՝ միաժամանակ բարձրացնելով գլուխը եւ ուսերը: Վերադարձեք ելման կետ ու կրկնեք վարժությունը: Այն կատարեք 15-20 անգամ: Հանգստացեք, մի քիչ խաղացեք փոքրիկի հետ ու եւս 1-2 անգամ կրկնեք:

Վարժություն 3

Այս վարժությունը կատարելու համար փոքրիկին թեւատակերից գրկեք եւ ամուր բռնեք:

Նստեք, ոտքերը խաչեք եւ արմունկները ծալեք. փոքրիկը պետք է ուղիղ ձեր կրծքի առջեւ լինի: Երեխային բարձրացրեք այնպես, որպեսզի ձեռքերը գրեթե ամբողջությամբ ուղղվեն: Դադար արեք, ձեռքերն իջեցրեք ներքեւ եւ կրկնեք վարժությունը: Այն կատարեք 10 անգամ, փոքր-ինչ հանգստանալուց հետո եւս 2 անգամ կրկնեք:

Վարժություն 4

Պառկեք մեջքին եւ ծալեք ծնկները: Փոքրիկին դրեք ձեր կրծքին: Փորի մկանները լարեք եւ միացրեք թիակները: Ձեռքերը դանդաղ ուղղեք, փոքր-ինչ մնացեք այդ դիրքում, մանկիկին ասեք «թռանք-թռանք» եւ վերադարձեք ելման կետ: 10 անգամ կատարեք վարժությունը, հանգստացեք ու եւս երկու անգամ կրկնեք:

Վարժություն 5

Փոքրիկին «կենգուրու»-ի մեջ դրեք եւ պահեք ձեր առջեւ:

Կանգնեք՝ ոտքերն ուսերից լայն դիրքով: Փորը ներս քաշեք եւ ծնկները ծալեք՝ մարմնի ծանրությունը փոխադրելով ոտնաթաթերին: Դանդաղ ուղղվեք՝ լարելով հետույքի մկանները:



© NEWS.am STYLE