19:29 25 հուլիսի, 2013Էլայջա Վուդի գլխավոր դերակատարմամբ «Մոլագարը» ֆիլմի ցուցադրությունը Նոր Զելանդիայում արգելվել է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Իշխանությունների որոշմամբ, ֆիլմը ոչ միայն մեծ էկրան դուրս չի գա, այլեւ չի թողարկվի DVD տարբերակով:
Միաժամանակ, սակայն, թույլատրվում է այն ցուցադրել կինոփառատոնների ընթացքում, ինչպես նաեւ կինոգետների փակ ցուցադրությունների ժամանակ:
Գրաքննությունն առաջին հերթին նշում է այն հանգամանքը, որ ժապավենում դաժան սպանությունները ներկայացվում են ոչ թե քննիչների կամ զոհերի տեսանկյունից, ինչպես սովորաբար, այլ հոգեկան լուրջ խանգարումներ ունեցող մարդասպանի:
Գրաքննադատների կարծիքով, բռնության տեսարանները կարող են ցնցել հանդիսատեսին եւ վնաս հասցնել նրա հոգեվիճակին: Monster Pictures ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ որոշումը «վիրավորում է երկրի հասուն բնակչության մտավոր ունակությունները»:
«Մոլագարը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականին, Կաննում: Այն բեմադրել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանկ Հալֆունը: Էլայջա Վուդը հանդես է գալիս կանանց սերիական մարդասպանի դերում, ով հանում է իր զոհերի գլխամաշկը: 2013 թվականի սկզբին ժապավենը որոշ սահմանափակումներով ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում եւ արժանացել քննադատների բացասական արձագանքին: