«Չեմ կարծում՝ երբեւէ կմտնեմ քաղաքականություն». Հայկ Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հոր՝ Վարդան Պետրոսյանի խորհուրդներն ու նրա հետ նույնացումը (ֆոտո/վիդեո)

11:22   19 դեկտեմբերի, 2019

Ասես հաճելի ավանդույթ դարձած լինի՝ տարին եզրափակել Հայկ Պետրոսյանի հումորային մոնոներկայացմամբ: Այս տարի այն կրում էր In Gold We Trust խորագիրն ու ներկայացնում նյութական, հոգեւոր եւ, իհարկե, քաղաքական թեմաներ եւ հումորային իրավիճակներ:

Մոնոներկայացման պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում հումորիստը նույն ներկայացումը խաղաց արդեն երրորդ անգամ:

«Ես մարդ եմ, որն ապրում է մեր քաղաքում, մեր հասարակության մի մասն էլ ես եմ, եւ այդ բոլոր խնդիրները, հուզական ապրումները, զայրույթը, հույսը՝ այդ բոլորը կա նաեւ իմ մեջ»,-ներկայացումից հետո լրագրողների հետ կիսվեց Հայկը:

«Իրականում այս ներկայացմամբ ես փորձում եմ ցույց տալ մեր կյանքը, իրականությունը՝ մի քիչ այլ տեսանկյունից: Այս անգամ այդ տեսանկյունը հոգեւորի եւ նյութականի բախման մեջ էր: Այդ բախման մեջ վերլուծում ենք ե´ւ կին-տղամարդ հարաբերությունները, ե´ւ քաղաքական կյանքը, ե´ւ փիլիսոփայությունը: Շատ պատահական թեման ընտրեցի: Ամեն ինչ սկսվեց Gold բառից, երբ L-ը հանեցի ու ստացվեց God: Այդպես կամաց-կամաց ամեն ինչ կապեցի իրար ու նյութը ձեւավորվեց»:

Սցենարի շուրջ դերասանը միայնակ է աշխատել, սակայն ինչպես նշում է՝ հաշվի է առել ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց կարծիքները: Բնականաբար խորհուրդներ առաջնահերթ ընդունել է հայրիկից՝ հայտնի դերասան եւ կատակերգու Վարդան Պետրոսյանից:

«Հայրիկս չի դիտել ներկայացումը, այս պահին Փարիզում է: Բայց ես պատմել եմ, թե ներկայացումն ինչի մասին է, իհարկե, իր խորհուրդներով նա կիսվել է ինձ հետ: Ես միշտ եմ իրենից խորհուրդներ հարցնում: Այս ներկայացման մասով խորհուրդները ոչ թե տեքստի կամ սցենարի հետ էին կապված, այլ բեմական կեցվածքի: Քանի որ սա ինձ համար մի քիչ անցումային ներկայացում էր, քննարկել ենք, թե ինչ հոգեվիճակով պետք է բեմ դուրս գալ եւ այլն»:

Շատերը Հայկին բեմում նույնացնում են Վարդան Պետրոսյանի հետ. դերասանը դա նորմալ է համարում, մանավանդ, որ ինքն էլ որպես երիտասարդ սերնդի դերասան եւ հումորիստ՝ հաճախ է սովորում հայրիկից.

«Ես մեծացել եմ հորս ներկայացումները նայելիս: Դիտավորյալ կամ մտածված չեմ այնպես գրում, որ հարիկիս նման լինեմ, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում: Դրա մեջ լավ բան կա, բայցեւ պետք է զգույշ լինել, որ շատ չնմանվեմ, մնամ Հայկը: Բայց, եթե անկեղծ` հայրիկս ներկայացում գրելու ուժեղ ձեւ էր գտել, եւ եթե դու ցանկանում ես լավը անել, ակամայից սկսում ես նմանվել նրան: Նա նոր թատրոն բերեց Հայաստան՝ միաձուլելով սթենդ ափը, երգը, խաղը… ես էլ՝ որպես երիտասարդ սերունդ՝ սովորում եմ նրանից: Եթե մի պահ մոռանանք, որ մենք հայր եւ որդի ենք, ինձ համար Վարդան Պետրոսյանն այն մեծ արտիստներից է, թող դա մեծամտություն չհնչի, որին, նմանվելը շատ շոյող փաստ է»:

«Չբռնե՞մ մտնեմ քաղաքականություն»՝ Հայկն այս հարցադրումով է սկսում եւ ավարտում ներկակայացումը, իսկ հարցի պատասխանը հստակ գիտի.

«Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, բայց չեմ կարծում՝ երբեւէ կմտնեմ քաղաքականություն: Ես այդ աշխարհը չեմ սիրում, դա իմ տեղը չէ: Իմ սիրած աշխարհում մարդկային փոխհարաբերություններն ուրիշ բաների վրա են հիմնված»:

Ի դեպ, երեկվա ներկայացումը 2019-ի վերջին խաղն էր, սակայն In Gold We Trust-ը շարունակություն կունենա նաեւ 2020-ին: Գալիք տարվա առաջին ներկայացումը նախատեսված է հունվարի 13-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: Դերասան-հումորիստը խոստացավ, որ ներկայացումը հագեցած կլինի նոր իրավիճակային հումորով եւ կատարումներով:

«Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Ներկայացումն անպայման կթարմացվի, նոր երգեր կավելացնեմ, որոշ կատակներ կփոփոխվեն: Առհասարակ, այս ոճի ներկայացումներում փոփոխությունը պարտադիր բան է, որովհետեւ միգուցե մոտ օրերս մեր երկրում այնպիսի իրադարձություն լինի, որը պետք լինի բերել ներկայացման մեջ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE