00:40 26 հուլիսի, 2013Երգչուհի եւ հայկական «Ձայն» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» երաժշտական մրցույթի երկրորդ օրը հանդես եկավ փայլուն ելույթով: Մերին զուգերգ կատարեց հայ երգիչ Էրիկ Կարապետյանի հետ: Զույգը կատարեց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» («Твои следы») երգը (օրիգինալը կատարում է Մուսլիմ Մագոմաեւը) եւ վաստակեց 120 միավոր: Հանդիսատեսը երկար ժամանակ ծափահարում էր Մերիին ու Էրիկին: Հատկանշական է, որ ժյուրիի անդամներից հայ երգիչների կատարումը 10 միավոր գնահատեց միայն Կոնստանտին Մելաձեն (առավելագույնը 11 միավորն է):
Հիշեցնենք, որ հաղթանակի համար պայքարելու են 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Մեր երկիրը ներկայացնելու է «Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը:
Փառատոնը տեւելու է մինչեւ հուլիսի 28-ը: Մրցույթի արդյունքներով տրվելու է երեք գլխավոր մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք» եւ դրամական պարգեւ, ինչպես նաեւ հանդիսատեսի համակրանքը վայելած մասնակցին՝ «Ադամանդե ալիք»: Կազմակերպիչների խոսքով, առաջին անգամ բոլոր մասնակիցները հանդես են գալու կենդանի կատարմամբ: