Մասնագետի խորհուրդները. խնձորի քացախ մազերի համար

20:17   1 օգոստոսի, 2013

Մազերի համար խնձորի քացախը ոչ միայն ողողելու միջոց է, այլեւ վարսերի համար օգտակար դեղամիջոց: Մի քանի անգամ այն կիրառելուց հետո կարելի է մոռանալ թեփի եւ մազաթափության մասին: Բաղադրատոմսը ներկայացնում է վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

Ողողելու միջոց վարսերի փափկության համար

Այն պատրաստելու համար 1 լիտր եռացրած ջրին ավելացնում եք 1 թեյի գդալ խնձորի քացախ: Ձմռանն ու գարնանը կարող եք ավելացնել նաեւ մի քանի կաթիլ կիտրոնի կամ նարնջի հյութ:

Այս միջոցը կանոնավոր կերպով գործածելու դեպքում վերականգնվում է վարսերի կենսական ուժը, մազարմատներն ամրանում են, վարսերը դառնում են փափուկ, ենթարկվող եւ գրավիչ:

Ողողելու միջոց վարսերի գույնը բացելու համար

Եթե ձեր վարսերը շագանակագույն են, եւ սիրում եք դրանց գույնը բացելու փորձեր անել, ողողելու այս միջոցը հենց ձեզ համար է: Կանոնավոր կերպով այս միջոցով ողողելու դեպքում ձեր մազերի գույնն ավելի ու ավելի բաց կդառնա:

1 լիտր ջրին ավելացնում եք 1 ճաշի գդալ քացախ եւ 1 բաժակ երիցուկի թուրմ: Կարող եք ավելացնել նաեւ մի քանի կաթիլ կիտրոնի եթերայուղ:

Ողողելու միջոց վարսերն ամրացնելու համար

Վարսերն ամրացնելու եւ գերող փայլ ստանալու համար կատարյալ միջոց է հետեւյալը. 1 լիտր ջրին ավելացնում եք 2 ճաշի գդալ քացախ եւ 1 բաժակ կռատուկի արմատներից թուրմ:

Հարկ է նշել, որ ողողելու այս միջոցն առավել արդյունավետ է, եթե մազերը լվանալու համար բնական միջոցներ եք օգտագործում (ձու, սոդա, հաց):

Խնձորի քացախով վարսերը ողողելու ցանկացած միջոց գործածում եք դրանք լվանալուց հետո: Ողողելու միջոցը ջրով լվանալ պարտադիր չէ: Սակայն եթե ձեր մազերը թափվում են, ապա ցանկալի է ողողելուց 3-4 րոպե անց գոլ ջրով եւս մեկ անգամ թեթեւակի լվանալ գլուխը:



© NEWS.am STYLE