«Նա աղջկա իմ իդեալն է, որի մեջ ինքս ինձ եմ վերագտել, որի հետ ես ինձ լիարժեք եմ զգում». Բեն Ավետիսյանը` Դիանա Տոնոյանի եւ իրենց սիրո մասին (ֆոտո)

13:43   24 դեկտեմբերի, 2019

Դերասան Բեն Ավետիսյանի եւ դիմահարդար Դիանա Տոնոյանի հարաբերությունների մասին վաղուց են խոսում, սակայն զույգը երբեք պաշտոնապես ոչ հաստատել է, ոչ էլ` հերքել խոսակցությունները: Բայց օրերս Բենը որոշեց խախտել լռությունը` հրապարակելով իր եւ Դիանայի համատեղ լուսանկարները:

Դերասանն իր զգացմունքների մասին առաջին անգամ խոսել է NEWS.am STYLE-ի հետ` պատմելով Դիանայի հանդեպ տածած գեղեցիկ սիրո, ժամանակավոր դժվարությունների, այժմ իրենց բաժանող հեռավորության եւ մեծ կարոտի մասին:

Զույգի սերը ծնվել է 3 տարի առաջ, երբ Դիանան եւ Բենը դարձան երգիչ Գեւորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» տեսահոլովակի հերոսները, որտեղ մարմնաորում են սիրահարների: Տեսահոլովակից հետո դերասանի երկրպագուները սկսեցին խոսել Բենի եւ Դիանայի` գեղեցիկ զույգ լինելու եւ հնարավոր սիրավեպի մասին, սակայն դերասանը նախընտրում էր մամուլից եւ հանրությունից հեռու պահել սիրելիին:

«Երեւի յուրաքանչյուր լուրջ քայլ անելուց առաջ պետք է հասունանա այդ պահը, մանավանդ, երբ խոսքը հարաբերությունների մասին է: Ժամանակ պահանջվեց, մինչեւ գիտակցեցի այդ քայլն անել: Երբ սիրում ես ու համոզված ես, որ քեզ սիրում են, երբ համոզված ես, որ դա քո վերջնական ընտրությունն է, որը քեզ կուղեկցի ամբողջ կյանքում, ուրեմն` պետք չէ այլեւս սպասել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր եւ սիրելիի լուսանկրի հանրայնացմանը, նշեց Բենը` խոստովանելով, որ այս 3 տարիների ընթացքում իրենց հարաբերություններում եղել են վեճեր եւ ժամանակավոր բաժանություններ, սակայն ամենակարեւորը միշտ հաղթել է:

«Ամենակարեւորը սերն է, որը միշտ մնացել է, եւ այն եղել է փոխադարձ: Դրա համար էլ ասում են` սերը միշտ հաղթում է: Փառք Աստծո` մեր դեպքում այդպես եղավ»:

Դերասանը խոստովանեց` հաճախ տարաձայնությունները հենց իր սխալների պատճառով են եղել.

«Բոլոր զույգերի մոտ էլ, վստահ եմ, լինում են նման բաներ, քանի որ երկու տարբեր մարդիկ ընտրություն են կատարում` ամենաբարդ ընտրությունը: Միանշանակ խնդիրներ լինում են, բայց դրանց լուծումները մեզ դարձնում են ավելի ուժեղ եւ հասուն»:

Երկրպագուհիների մեծ բանակ ունեցող դերասանը առանձնացրեց նաեւ այն հատկանիշները, որոնցով Դիանան իր համար տարբերվել է բոլոր աղջիկներից ու գրավել իրեն.

«Դիանան այն աղջիկն է, որին սիրում եմ, այն մարդը, որն ինձ միշտ հասկացել է, միշտ կողքիս է եղել` անկախ նրանից, թե կյանքի որ փուլում եմ եղել նրան հանդիպելուց հետո: Նա աղջկա իմ իդեալն է, որի մեջ ինքս ինձ եմ վերագտել, այն մարդն է, որի հետ ես ինձ լիարժեք եմ զգում` բարի, նուրբ, կանացի, խելացի, շատ գեղեցիկ մարդ, որի համար ես, իսկապես, պայքարել եմ եւ դա եղել է իմ կյանքի ամենակարեւոր ու հիանալի պայքարը»:

Այժմ դերասանն ԱՄՆ-ում է: Բենն ասում է` հեռավորությունն իր հերթին ավելի է նպաստել իրենց զգացմունքների ամրապնդմանը.

«Հեռավոությունն ավելի է ամրացնում մեր հարաբերությունները, քանի որ մենք ունենք ամենակարեւորը` սեր, հարգանք, վստահություն: Իհարկե, կա դրա հակառակ կողմն էլ` կարոտը, որը ոչնչով չի լինում լրացնել: Աստված առաջ` շուտով էլ չի լինի հեռավորությունը... Սիրել նշանակում է ապրել. ես ապրում եմ լիարժեք»:

Դերասանի հրապարակման տակ արված մեկնաբանություններում շատերը ենթադրել են, որ Բենի քայլը նշանակում է, որ իր եւ Դիանայի հարսանիքը սարերի ետեւում չէ: Պատասխանելով շատերին հետաքրքրող հարցին` Բենը նշեց.

«Իհարկե, հարաբերությունների առողջ եւ բնականոն ընթացքը հարսանիքն է...Իմ կարծիքով` դա սկիզբն է երջանիկ կյանքի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Բեն Ավետիսյանը



© NEWS.am STYLE