Սուրբծննդյան հետաքրքիր բացիկ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի կողմից․ մենակատարը՝ փոքրիկ Արչին է

23:17   24 դեկտեմբերի, 2019

Իրենց Սուրբ Ծննդյան բացիկը ներկայացրել են Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին։  Այն հայտնվել է The Queen's Commonwealth Trust բարեգործական կազմակերպության Twitter-ում, որի նախագահն ու փոխնախագահը՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին են։

«Մեր ընտանիքը ձեր ընտանիքներին մաղթում է ուրախ Սուրբ Ծնունդ եւ երջանիկ Նոր Տարի»,- այսպես են հանրությանը շնորհավորել Մեգանն ու Հարիին:

Իսկ տոնական լուսանկարի գլխավոր հերոսը նրանց յոթ ամսական որդին՝ Արչին է, իսկ ահա տոնածառի մոտ նստած նրա ծնողներին երկրորդական դերեր են հատկացվել։

Լուսանկարը սեւ-սպիտակ է եւ արված է gif ձեւաչափով: Թագավորական լրագրող Օմիդ Կոբիի խոսքերով՝ լուսանկարն արվել է դքսուհու ընկերուհու՝ դերասանուհի Յանինա Հավանկարի կողմից, որը Ջենիֆեր Էնիսթոնի եւ Ռիզ Ուիզերսփունի հետ նկարահանվել է «Առավոտյան Շոու» (The Morning Show) սերիալում:

Սուրբ Ծնունդը, որը կաթոլիկ աշխարհը կնշի արդեն այս գիշեր, Մեգանը, Հարրին եւ Արչին Կանադայում կնշեն դքսուհու մոր՝ Դորիա Ռագլանդի հետ: Ի սկզբանե ամուսինները մտադիր էին այդ օրն անցկացնել ԱՄՆ-ում, սակայն հետո նրանց ծրագրերը փոխվել են։

Լուսանկարները՝ Getty Images, PA/Alexi Lubomirski/Chris Allerton © SussexRoyal



© NEWS.am STYLE