Մահացել է Ալի Ուիլիսը՝ «September» կուլտային հիթի եւ «Ընկերները» սերիալի սաունդթրեքի հեղինակը

16:31   25 դեկտեմբերի, 2019

Լոս Անջելեսում 72 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր, մի շարք հիթերի հեղինակ Ալի Ուիլիսը։ Նրա երգերը շարունակում են հայտնի մնալ արդեն 40 տարի։

Ալի Ուիլիսը ծնվել է 1974թ.-ի նոյեմբերի 10-ին Դեյտրոյտում՝ Միչիգան նահանգ։ Նա հայտնիություն է ձեռք բերել ամերիկյան հայտնի «Earth, Wind And Fire» խմբի հետ համագործակցության միջոցով, որի համար Ուիլիսը գրել է նրանց գլխավոր հիթերը՝ «Boogie Wonderland» եւ «September»։

1986թ.-ին Ալին «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Ոստիկանը Բեւեռլի Հիլզից» կատակերգական մարտաֆիլմի սաունդթրեքի համար, որում գլխավոր դերը կատարում էր Էդի Մերֆին։ 10 տարի անց Ուիլիսն առաջադրվել է «Էմմի» մրցանակի «I'll Be There for You» երգի համար, որը հնչում է «The Rembrandts» խմբի կատարմամբ եւ որը դարձել է «Ընկերները» կուլտային սերիալի երաժշտական թեման։ Այս կոմպոզիցիան արդարացիորեն համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ընթացքում ամենահայտնի մեղեդիներից մեկը։  

Հիթ է դարձել նաեւ Ալի Ուիլիսի «What Have I Done to Deserve This?» երգը։ Այն 1987թ.-ին ձայնագրել են «Pet Shop Boys» խումբն ու երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը։

2016թ.-ին կոմպոզիտորը եւս մեկ «Գրեմմի» մրցանակ է ստացել։ Այս անգամ մրցանակի է արժանացել «Դաշտերի մանուշակագույն ծաղիկները» բեմադրության համար գրված երաժշտությունը, որը ստեղծվել էր Էլիս Ուոքերի համանուն վեպի հիման վրա։ Բեմադրության պրոդյուսերներն էին Սթիվեն Սփիլբերգը, Օփրա Ուինֆրին եւ Քվինսի Ջոնսը։

Որպես Ալի Ուիլիսի մահվան պաշտոնական վարկած՝ նշվում է սրտի հանկարծակի կանգը։

Լուսանկարը՝ Theo Wargo/Getty Images for Songwriters Hall Of Fame



© NEWS.am STYLE