16:04 26 դեկտեմբերի, 2019Գրեթե բոլորն այս շրջանում իրենց սոցիալական ցանցերի էջերը թարմացրել են նոր տոնական, ամանորյա ֆոտոշարքերով՝ տոնածառներ, բուխարի, ընտանեկան ջերմություն… Իսկ ահա մոդել Անուշիկ Մանուկյանը որոշել է տարբերվել եւ ցուցադրել ձմռան մյուս կողմը՝ ձյունը, սառույցը, ցուրտն ու Սառցե թագուհուն:
Մոդելը նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել աշխատանքային ընթացքի եւ իր հեքիաթային հերոսուհու մասին:

«Ինքս պետք է իմ հետեւորդներին մատուցեի ամանորա ֆոտոշարք: Ինչպես տեսնում եք՝ բոլորն այս օրերին իրենց տոնական ֆոտոշարքերն են ներկայացնում հանրությանը, ես էլ փորձեցի իրականացնել տարբերվող եւ օրիգինալ մի շարք, որում եւս կփոխանցեի ամանորյա տրամադրություն՝ ցուրտ է, ձմեռ... Նոր տարի... Սառցե թագուհի...»,-ասում է Անուշիկը՝ հավելելով.
«Ինչպես բոլոր աղջիկները՝ ես նույնպես միշտ սիրել եմ հեքիաթային նուրբ կերպարներին: Միգուցե, Սառցե թագուհին մի փոքր ավելի խորթ է շատերին, բայց պետք է հիշել, որ նա եւս հեքիաթային կերպար է, ասեմ ավելն՝ շատ ուժեղ կերպար»:

Մոդելի նոր ֆոտոշարքի հեղինակը make up արտիստ Ազա Փաշինյանն է.
«Վերջերս ծանոթացա անչափ տաղանդավոր make up արտիստ Ազա Փաշինյանի հետ, որի աշխատանքներն, ուղղակի, հիացրել էին ինձ: Առաջարկեցի միասին համագործակցել: Ֆոտոշարքն իրականացրել ենք Bluberry ֆոտոստուդիայում. Շնորհակալ եմ նրանց ինձ աջակցելու եւ միշտ կողքիս լինելու համար»:
Իսկ Սառցե թագուհու կերպարը մոդելին հեշտությամբ է տրվել:

«Դժվարություն չկար, ընդամենը պետք էր համբերատար լինել: Մոտ մեկ ժամ երեսուն րոպե մոտավորապես պետք եկավ այս կերպարը ստանալու համար»:
Ինչպես հայտնի է՝ Անուշիկն ամուսնու հետ հիմնականում բնակվում է Փարիզում, սակայն Ամանորը որոշել են դիմավորել Երեւանում: Մոդելը նշում է՝ միշտ է սիրել այս տոնը եւ հիմա էլ սիրով պատրաստվում է Նոր տարվան, իսկ ամփոփելով 2019-ը՝ խոստովանեց.
«Շատ խառը տարի էր՝ ռիսկային եւ լարված: Մեծ անհամբերությամբ եմ սպասում 2020-ին: Վստահ եմ՝ հրաշալի տարի է լինելու»:




Սյունե Առաքելան