Ո՞ր համաշխարհային աստղերը այցելեցին Հայաստան եւ ինչո՞վ նշանավորվեց տարին. NEWS. am STYLE-ն ամփոփում է 2019-ը (տեսանյութ)

12:31   28 դեկտեմբերի, 2019

Հոբելյաններ, փառատոններ եւ հայտնի հյուրեր` շուտով անցյալի գիրկն անցնող 2019-ը Հայաստանի համար միջոցառումների եւ միջազգային մամուլի ուշադրության պակաս չի ունեցել: NEWS.am STYLE-ը նոր`2020-ի լուսաբանումներին անցնելուց առաջ թերթել է նախորդ տարվա պատմություն դարձած էջերն ու առանձնացրել տարվա ամենաուշագրավ իրադարձությունները:

Հունվար ամիսը հայկական մամուլում հոբելյանական էր:

Հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տոնեց ծննդյան 80-ամյակն ու հոբելյանական տարեդարձի առթիվ մի շարք համերգային երեկոներ պարգեւեց իր հանդիսատեսին, որոնցից առաջինը կայացավ Լոս Անջելեսում։

Հատկանշական է, որ տարին հոբելյանական էր նաեւ մեկ այլ անվանի կոմպոզիտորի` Ռոբերտ Ամիրխանյանի համար, որի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը կայացավ տարեվերջին եւ  նույնպես Երեւանում նշվեց մեծ շուքով. կոմպոզիտորը վարչապետ Փաշինյանի կողմից արժանացավ շքանշանի:

Փետրվարից Երեւանն իր դռները բացեց միջազգային ճանաչում ունեցող աստղերի առաջ: Մեր առաջին հյուրը ֆրանսիացի հայտնի դերասան` «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին էր, որը տարեսկզբին այցելեց Հայաստան`Գագիկ Ծառուկյանի հրավերով եւ այստեղ մասնակցեց MIX FIGHT 40 խառը մենամարտերի մրցաշարին: Այցի ընթացքում կինոաստղը հասցրեց լինել նաեւ Ծիծեռնակաբերդում, հանդիպել հայ ուսանողներին եւ, նույնիսկ նկարվել հայկական տարազով: Հայաստանում դերասանին ուղեկցում էր նաեւ եղբայրը` Բիբի Նասերին:

Իսկ ահա ապրիլն իսկական անակնկալ էր պատրաստել 90-ականների ամենահայտնի սերիալի` «Վայրի հրեշտակի» սիրահարների համար. Երեւանում իր առաջին` «Անմոռանալի» մենահամերգով հանդես եկավ ուրուգվայցի դերասանուհի եւ երգչուհի Նատալյա Օրեյրոն: «Վայրի հրեշտակը» Հայաստանում էր կարճ ժամանակով, բայց բացի մենահամերգից` հասցրեց մասնակցել հարցազրույցների, հանդիպեց երկրպագուների հետ, արթնացրեց նրանց մանկական հուշերն ու բարձր տրամադրությամբ մեկնեց հայրենիք:

Անակնկալի հերթը հասավ ռոքի սիրահարներին: Rock Aid Armenia բարեգործական նախագիծը, որը հիմնել է բրիտանացի հայտնի հաղորդավար եւ հասարակական գործիչ Ջոն Դին՝ ի  աջակցություն Սպիտակի երկրաշարժից տուժածներին, հունիս ամսին հանդիսավոր արարողությամբ տոնեց իր ստեղծման 30-ամյակը․ այդ կապակցությամբ կրկին Հայաստան ժամանեցին համաշխարհային ռոքի լեգենդներ՝ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին եւ Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը։

Իսկ հուլիսին ռոքային տրամադրությունը փոխվեց հնդկականի: Հնդկական սերիալներից հայտնի դերասանները` այդ թվում` հանրահայտ Իչայի եւ Տապասիայի դերակատարներ Թինա Դատան ու Ռաշամի Դեսային, երգիչ-հաղորդավար Վարդան Սարգսյանի հրավերով ժամանեցին Հայաստան ու հայ երգիչների հետ միասին հնդկահայկական երեկո պարգեւեցին իրենց հայ երկրպագուներին:

Իսկ ահա ռուսական շոու-բիզնեսից հայտնի ռեփեր Տիմատին ի տարբերություն հնդիկ աստղերի` Հայաստանում նորեկ չէր. այս տարի նա դատարկաձեռն չվերադարձավ Երեւան. իր հետ բերեց իր սեւ «աստղային» բուրգերներն ու Երեւանում Black Star Burger-ի բացման կապակցությամբ բացօթյա համերգի շրջանակում անձամբ պատրաստեց բուրգերներ ու հյուրասիրեց ամենահաջողակ երկրպագուներին:

Տարվա ամենաբուռն իրադարձությունը, սակայն, WCIT համաժողովն էր, որն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում` հոկտեմբերը դարձնելով աստղային եւ թեժ. Հայաստանը հյուրընկալեց IT ոլորտի ամենաազդեցիկ դեմքերին,  ինչպես նաեւ աշխարհառչակ աստղերի` այդ թվում մեր ամենահայտնի հայրենակիցներին` Սերժ Թանկյանին, Ալեքսիս Օհանյանին եւ Քիմ Քարդաշյանին` երեխաների եւ քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ միասին: Կարիք չկա շեշտելու, թե ռեալիթի շոուից հայտնի ընտանիքը հանրային ինչպիսի ուշադրության կենտրոնում էր այդ շրջանում: Քիմն ու Քորթնին եղան Ծիծեռնակաբերդում, այցելեցին Գառնի, հանդիպումներ ունեցան նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ եւ որ ամենաուշագրավն է` Էջմիածնում կնքվեցին եւ կնքեցին զավակներին:

Աստղային հյուրերի ցանկն այս տարի համալրեց նաեւ դանիացի հայտնի երգիչ Թոմաս Նեվերգրինը, որը Yerevan Music Night-ի հատուկ հյուրն էր, իսկ Yerevan Jazz Fest-ի շրջանակում հատուկ հյուրերից մեկը դարձավ «Գրեմմիի» քառակի դափնեկիր կոմպոզտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքը:

Այս տարի Երեւանում առաջին անգամ անցկացվեց Silk Note երաժշտական փառատոնը, որի շրջանակում համերգներով հանդես եկան աշխարհահռչակ Jamiroquai խումբը, Parov Stelar բենդն ու հայտնի կիթառահար Ալ դի Մեոլան:

Բոլորովին վերջերս էլ Prime Production-ի նախաձեռնությամբ` հայ երաժշտաերները հայկական բեմում վայելեցին «Գրեմմիի» տասակի դափնեկիր Take 6 խմբի կատարումները: Բայց սա ամենը չէ. տարին ավարտվելու է եւս մեկ աստղային ելույթով: Ամանորի գիշերը հատուկ հայերի համար Հանրապետության հրապարակում բացօթյա համերգով հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը:

Դե, եթե հավտանք այն ասվածին, թե տարին ինչպես դիմավորես, այնպես էլ այն կշարունակվի, կարելի է արդեն պատկերացնել, թե որքան աստղային է լինելու 2020-ը, մանավանդ, եթե հավատանք հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասին, որն, ի դեպ, եւս 2019-ի հատուկ հյուրերից էր, հնարավոր է` նրա եղբայրը` Էնրիկե Իգլեսիասը հենց գալիք տարում անակնկալ համերգով ուրախացնի իր հայ երկրպագուներին: Չգիտենք, թե որքանով են հավաստի Իգլեսիասի խոստումնեը, բայց

NEWS.am STYLE-ը միանշանակ խոստանում է լինել 2020-ի ամենաուշագրավ իրադարձթյունների կիզակետում եւ ձեզ ամեն րոպե պահել տեղեկացված:



© NEWS.am STYLE