Կինոամփոփում. Տարվա ձախողումները

20:31   28 դեկտեմբերի, 2019

Ձեզ համար պատրաստել ենք երկու ցուցակ՝ տարվա Ձախողումների եւ Առաջընթացների: Այսօր կներկայացնենք հեռացող տարվա ամենահիասթափեցնող կինոնկարները: Նշենք, որ սա ամենեւին թոփ չէ, այլ ուղղակի ցուցակ, ուստի դրա մեջ տեղերը ոչ մի նշանակություն չունեն՝ յուրաքանչյուր կինոնկար յուրովի է հիասթափեցրել:

1.«Գահերի խաղը»

Սերիալը, որը գրեթե 10 տարի ամբողջ աշխարհին լարվածության մեջ էր պահում, հետաքրքրությունը գրգռում, վերջում դիրքերն այնքան հանձնեց, որ նույնիսկ թունդ երկրպագուները ստորագրահավաք սկսեցին եզրափակիչ եթերաշրջանը վերանկարահանելու օգտին: Ութերորդ եթերաշրջանը ցույց տվեց, թե հեղինակները որքան կախված էին սկզբնաղբյուրից եւ իր՝ գրող Մարտինի խորհրդատվությունից: Կարելի է շատ եւ երկար խոսել, բայց փաստը մնում է փաստ՝ «Գահերի խաղը» հիասթափեցրել է...

2.«Ապակի»

Մ. Նայթա Շյամալանը մնացել է իր խաղացանկում. մեզ ենթատեքստով, զիլ երկխոսություններով եւ «Ա» դասի դերասաններով բարձրակարգ հոգեբանական կինոնկար մատուցելու փոխարեն, ստացանք անիմաստ եւ առանց տեսարանների բլոքբասթերի չհասած մի բան:

3.«Կապիտան Մարվել» եւ «Չառլիի հրեշտակները»

Այս երկու նախագծերը մեկ մեծ թերություն ունեն. թե՛ Marvel-ի սուպերհերոսների մոտ, թե՛ լրտեսական կատակերգության ռեմեյքում նկատվում են ֆեմինիստական տրամադրություններ: Թանկագին ընթերցողներ, ինձ ճիշտ հասկացեք՝ ես հավասար իրավունքներին եւ դրանց հետ կապված ամեն ինչին կողմ եմ, բայց չի կարելի ծայրահեղությունների մեջ ընկնել, որոնք ամեն ինչին գումարվելով՝ այս երկու ֆիլմերը կործանել են:

4.«Փոքեմոն: Փիքաչու դետեկտիվը»

«Փոքեմոն» անվանմամբ ֆիլմում բուն փոքեմոններին մղել են երկրորդ, անգամ երրորդ պլան: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Մարդիկ եկել են տեսնելու փոքեմոններին, նրանց փոխհարաբերությունները, նրանց պատմությունը... Բայց ո՜չ, հեղինակները մտածել են՝ չնկարե՞նք անհեթեթ պատմություն հերոսներով, որոնց էմոցիոնալ դիապազոնն այնպիսին է, ինչպիսին ատամքչփորիկինը:

5.«Տերմինատոր. Մութ ճակատագրեր»

Այս ֆրանշիզան փոխակերպելու բոլոր փորձերը մեխեր էին «Տերմինատորի» դագաղի կափարիչին: Իսկ վերջինն ընդհանրապես գերեզմանի վրա ավազ լցրեց: Առաջին երկու մասերն, իհարկե, կմնան մեր սրտերում որպես կուլտային դասական, բայց ահա մնացյալ բոլոր շարունակություններն այնքան վատն են, որ պարզապես ցանկանում ես հիշողությունից ջնջել:

6․ «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Վերելք»

«Աստղային պատերազմները» կուլտային սագա է, որն արժանի չէր այն ամենին, ինչ արեցին նրա հետ: Բավական է ասել, որ նոր եռապատումի ռեժիսորներին փոխել են՝ ինչպես ձեռնոցները: Չկար միասնական ծրագիր կամ գոնե սյուժեի գիծ, որի շրջանակում սագան պետք է զարգանար: Իսկ ֆիլմերը նկարահանվել են անավարտ սցենարներով:

Շարունակելի

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE