Որտե՞ղ է նախընտրում դիմավորել Ամանորը ամենաճանապարհորդասեր Վարդան Սարգսյանը եւ ո՞րն է եղել ամենախենթ խնդրանքը Ձմեռ պապին

20:04   31 դեկտեմբերի, 2019

Երգիչ-հաղորդավար Վարդան Սարգսյանը, որքան էլ տարօրինակ է, Ամանորը չի սիրում դիմավորել ճանապարհներին կամ այլ երկրում, չնայած տարվա մեծ մասն անցկացնում է ճանապարհորդելիս: Թե որն է Վարդանի՝ տոնը նշելու նախընտրած տարբերակն ու ինչ ամանորյա երազանքներ ունի, բացահայտել ենք մեր տոնական բլից նախադասությունների միջոցով, որի սկիզբը թելադրել ենք մենք, իսկ շարունակությունն ավելացրել է Վարդանը:

Ամանորն Ամանոր չէ առանց հաջորդ տարվա ծրագրերի:

Ամանորը կցանկանայի դիմավորել միայն տանը, ուրիշ ոչ մի տեղ՝ ոչ ջունգլիներում, ոչ օվկիանոսի ափին, ոչ տաք, ոչ սառը երկրում՝ միայն տանը:

Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը հրավառություն է լինում ու դու քայլում ես փողոցում: Վերջերս ինձ հետ հաճախ էր այդպես լինում՝ քայլում էի հրավառության ներքո: Կարծես՝ տարին այդպես գունեղ ու շքեղ է սկսվում, ինչը հաճելի է:

Չեմ սիրում, երբ Ամանորին մաման հանկարծակի մոռանում է բլինչիկը գազի վրա, այն վառվում է ու հոտը տարածվում է ամբողջ տանը (ծիծաղում է):

Երբ փոքր էի, մտածում էի՝ Ձմեռ պապը կա ու շատ լուրջ սպասում էի նրա նվերներին: Հիմնականում տատիկիս տանն էի լինում այդ օրերին ու արթնանալուն պես փնտրում էի նվերս: Նյարդայնանում էի, երբ գիշերը քնած էի մնում ու չէի կարողանում տեսնել նրան:

Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից… Փոքր ժամանակ խնդրեցի, որ երկնքում իմ անունով աստղ ստեղծվի ու միշտ փայլի:

Եթե ես լինեի Ձմեռ պապ, վաղ առավոտից կոնյակ կխմեի, կամ գինի, որ դիմանայի ցրտին եւ առանց ուշանալու հասցնեի երեխաների նվերները (ծիծաղում է):

Ամեն տարվա սկզբին պարտադիր ճանապարհորդում եմ: Այս տարին եւս բացառություն չի լինի:

Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ միայն առողջություն իմ հարազատների համար, մնացածը մենք՝ ինքներս կարող ենք ստեղծել:

2020-ին ծրագրում եմ  երկու հեռուստանախագիծ, նոր նկարահանումներ, տուրիստական ընկերության զարգացում եւ Ձմեռ պապիկից այս անգամ կխնդրեմ նաեւ իմ երկրորդ գրասենյակի բացումը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Վարդան Սարգսյանը

 



© NEWS.am STYLE