Սեքս, թմրանյութեր, Կոպենհագեն (ֆոտո)

23:14   27 հուլիսի, 2013

Ընկերներ իմ, պատմեմ ձեզ Կոպենհագեն ուղեւորության մասին մի հեքիաթ: Ճանապարհորդի գրառումները՝ «ես այստեղ եմ եղել, այս եմ տեսել, այս եւ այն տեսարժան վայրերը» ոճով, դժվար թե որեւէ մեկին հետաքրքրեն: Առավել եւս, եթե ինչ-որ մեկը ցանկանում է իմանալ այդ ամբողջ ձանձրալի տեղեկատվությունը, բարի գալուստ Վիքիպեդիա: Իսկ ես միանգամից պատմեմ գլխավորի մասին: Եվ այսպես՝ գնացինք:

Ձեր խոնարհ ծառան աշխատանքի բերումով Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ուղեկցում էր Դանիայի հետ խաղի ժամանակ: Այն բանից հետո, երբ մեր ասպետները վիկինգներին խաչի հանեցին, բարի մարդիկ ինձ եւ իմ գործընկերուհուն՝ հայտնի լրագրողուհի Վերա Մարտիրոսյանին, ցույց տվեցին Կոպենհագենը, դե՝ նաեւ լիքը բան պատմեցին: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:

Առաջինը եւ ամենակարեւորը. ծխախոտ: Մեկ տուփն այստեղ արժե 45 կրոն (տեղական դրամը), այսինքն՝ շուրջ 7 եվրո: Դանիա ուղեւորվելիս որպես նվեր ծխախոտ տարեք, ձեզ չեն մոռանա եւ քաղաքի կենտրոնում հուշարձան կկանգնեցնեն:

Ի դեպ, ես փողոցում ծխող մարդիկ քիչ տեսա, փոխարենն ամենուր հեծանիվների առատություն էր: Այն, որ Կոպենհագենում հեծանվորդներն ավելի շատ էին, քան ավտոմեքենայով վարորդները, փաստ է:

Հեծանվորդներն ամենուր են: Այն առանձին երթեւեկություն է՝ կանոններով, լուսակիրներով եւ այլն, եւ այլն: Նման բան ես, ասենք, Ֆրանսիայում էլ եմ տեսել, բայց ոչ այս քանակությամբ եւ ոչ այս որակով:

Նշեմ, որ մեզ Դանիան եւ դանիացիներին հասկանալու հարցում օգնում էին ինչպես բնիկ դանիացիները, այնպես էլ այստեղ փոխադրված մեր հայրենակիցները: Նման բարի մարդկանցից մեկն էլ Սեւակն էր, ով մեզ օգնում էր՝ ինչով կարողանում էր Կոպենհագենի օդանավակայանում ծանոթության պահից, որտեղ սպասում էինք Հայաստանի հավաքականին:

Սեւակը մեզ պատմեց, որ ավտոմեքենայի հարկը Դանիայում գերազանցում է 100 տոկոսը, ինչն արդեն նպաստում է, որ մեքենա գնելուց առաջ 100 անգամ մտածես:

Բացի այդ, դանիացիները, պարզվում է, պարզապես տարված են ԷԿՈԼՈԳԻԱ բառով: Դրա հետեւանքով էլ քաղաքում մաքուր օդ է, նորմալ խմելու ջուր եւ նորմալ մարդիկ: Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանի Հանրապետության բնակիչը պատկերացնել քաղաք, որտեղ կան ավտոմեքենաներ, բայց ազդանշանի ձայն՝ ոչ: Պատկերացրեք՝ մենք 5 օր Կոպենհագենում էինք եւ ոչ մի, կրկնում եմ, ոչ մի ազդանշան չլսեցինք:

Թմրանյութեր:

Այս խորհրդավոր Դանիան… Հենց մայրաքաղաքում գոյություն ունի մի վայր, որը շատերի համար համարժեք է ԴՐԱԽՏ բառին: Պատկերացրեք մի վայր, որտեղ ազատորեն մարիխուանա եւ ծխելիք են վաճառում եւ օգտագործում, որոնք այստեղ են հասնում ամբողջ աշխարհից՝ Մարոկկոյից մինչեւ Աֆղանստան (սակայն Հոկտեմբերյանը ներկայացված չէր):

Վայրն ինքնին առանձնապես մի բան չէ, բայց միայն փաստն արդեն գրգռում է միտքը: Բացի այդ, այնտեղ կանեփով շատ համեղ թխվածքաբլիթ են վաճառում (3 հատը՝ 40 կրոն): Մենք այդպես էլ չհամտեսեցինք այն, բայց մեզ ուղեկցող հավաստի աղբյուրներն ասացին, որ այդ թխվածքաբլիթներն այնքան հզոր են, որ դրանց հետ կատակ անել չի կարելի:

Իրենց երջանկությունը թխվածքաբլիթով փորձածները պատմեցին, որ մտել են խանութ՝ շոկոլադե մեկ սալիկ գնելու, իսկ դուրս են եկել երկու փաթեթ քաղցրեղենով՝ իրենք էլ այդ չգիտակցելով: Անկեղծ ասած, այդ վայրը հիշեցնում է մեր Վերնիսաժի եւ Ծիծեռնակաբերդի միախառնումը, միայն թե այնտեղ 1.500 հոգի միասին է ապրում, ինչպես հիփփիների ժամանակներում: Մեկ բան միայն չի ուրախացնում. բազմաթիվ անչափահասներ էին օգտագործում այդ ծխախոտը:

Շարունակությունը՝ հաջորդիվ…

 



© NEWS.am STYLE