Շոկային մանրամասներ. Լեդի Գագան կրկին խոսել է բռնության մասին

15:17   7 հունվարի, 2020

Լեգի Գագան անկեղծորեն պատմել է՝ ինչպես է բռնության զոհ դարձել։ Մի քանի տարի շարունակ երգչուհին տառապել է հետտրավմատիկ խանգարումով։ Լեդի Գագան դարձել է Օփրա Ուինֆրիի առաջին հյուրը 2020թ.-ին։ Փոփ աստղը 15 հազար հանդիսատեսին ներկայացել է վարդագույն մազերով, ակնոցով ու սեւ կոստյումով։ Նա իր անկեղծությամբ շոկի է ենթարկել երկրպագուներին։

Ծնունդով Նյու Յորքից երգչուհին խոստովանել է, որ 19 տարեկանում բռնաբարության զոհ է դարձել։ Գագան պատմել է, որ տղամարդուն ճանաչել է մանուկ հասակից, սակայն վերջինս իրենից մեծ է եղել։ «19 տարեկանում ինձ հաճախակի բռնաբարել են։ Այդ պատճառով ինձ մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է զարգացել։ Ցավոք, հիվանդությունը չի բուժվում»,- ասել է Լեդի Գագան։

Նա նշել է, որ մինչ այժմ տառապում է սարսափելի գլխացավերից։ «Աստղը ծնվեց» ֆիլմում լավագույն երգի համար «Օսկար»-ի արժանացած երգչուհին հայտարարել է, որ մարդու հոգեկան վիճակը շատ կարեւոր է, ինչպես եւ ֆիզիկականը, եւ այդպիսի խնդիրները չի կարելի արհամարհել։

Լեդի Գագայի խոսքերը թոք-շոոների թագուհուն ստիպել են արտասվել։ Օփրա Ուինֆրին չի կարողացել զսպել հույզերը։ Ծրագրից հետո նա մտել է իր հյուրի սենյակ եւ աջակցել նրան։ «Դու այնքան հիասքանչ էիր։ Ես երբեք չէի մտածի, որ քեզ հետ կարող էր նման բան տեղի ունենալ։ Ես չէի հավատում նրան, ինչ լսում էի»,- ասել է Օփրան եւ գրկել երգչուհուն։

Ի դեպ, փոփ աստղն առաջին անգամ չէ պատմում տեղի ունեցածի մասին. նախորդ տարվա դեկտեմբերին Լեդի Գագան նույն թեմայով անկեղծացել էր Հովարդ Սթերնի շոուի ընթացքում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo,

Rolling Stone, jessicaboots3, Gettyimages|Christopher Polk/NBC



© NEWS.am STYLE