Exclusive. «Երբ 15 տարեկանում կշռում ես 17 կգ, դժվար է ցանկություն գտնել մի բան անելու». Նադեժդա Սարգսյանն` անորեքսիան հաղթահարելու եւ մորաքրոջ աջակցության մասին

14:03   8 հունվարի, 2020

«Դո-Ռե-Մի» պատանեկան համույթը ժամանակին հայկական երգարվեստի ամենաակտիվ խմբերից էր: Աղջիկները հանդես էին գալիս տարբեր բեմերում, մասնակցում մրցույթների եւ համերգների, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց խմբի անդամներից մեկի՝ այն ժամանակ 13-ամյա Նադեժդա Սարգսյանի համար: Կապուտաչյա նրբակազմ աղջկան հեռուստադիտողը երկար ժամանակ չտեսավ էկրաններին. նա դադարեցրել էր ելույթներն ու թողել երգարվեստը՝ մրցութային պայքարները փոխարինելով էլ ավելի կարեւոր՝ կյանքի համար պայքարով:

13 տարեկան Նադյայի մոտ ախտորոշվել էր 4-րդ կարգի անորեքսիա, որի դեմ պայքարը երկար է տեւել՝ մոտ 4 տարի: Բարեբախտաբար՝ բժիշկների, հարազատների եւ սեփական կամքի ուժի ու հավատքի շնորհիվ Նադյային հաջողվել է հաղթահարել անորեքսիան:

21-ամյա երգչուհին տարիներ անց առաջին անգամ NEWS.am STYLE-ին պատմել է իր հիվանդության եւ այն հաջողությամբ հաղթահարելու մասին: Նադյան իր իսկ օրինակով ցանկանում է ապացուցել, որ անորեքսիան դատավճիռ չէ, եւ նման ախտորոշմանը բախվելու դեպքում չպետք է հանձնվել դրան, այլ ոտքի ելնել ու պայքարել՝ հանուն նոր ու էլ ավելի գեղեցիկ կյանքի, երբ կսկսես էլ ավելի շատ սիրել ու գնահատել սեփական մարմինդ:

Ինչպես այս հիվանդությամբ տառապող շատ աղջիկների դեպքում՝ Նադեժդան եւս չնայած իր նրբակազմ կառուցվածքին՝ կարծել է, թե ավելորդ քաշի խնդիր ունի, եւ այդպիսով փորձել է անդադար նիհարել: Երգչուհու աննորմալ նիհարությունը եւ դրա ձգտումը նկատելով՝ հարազատները նրան տանում են բժիշկի, որից հետո ախտորոշվում է այն, ինչից բոլորն էին վախենում:

Նախկինում Նադյան չգիտեր անորեքսիայի մասին, բայց բժիշկի ախտորոշումը լսելուց հետո համացանցով ուսումնասիրել է հիվանդության մասին հնարավոր բոլոր նյութերը:

«Եթե ուշադիր ուսումնասիրեք անորեքսիան եւ դրա դրսեւորումները, կտեսնեք, որ դրանք շատ տըարբեր են: Յուրաքանչյուրի մոտ այն յուրովի է արտահայտվում, եւ ինչպես բնորոշ է այս հիվանդությանը՝ ոչ ոք չի գիտակցում եւ չի ընդունում իրականությունը, որ այն կա»,-պատմում է Նադյան, որն իր բուժումը սկսել է 2012 թ-ից:

«Եկավ ժամանակ, երբ օրվա մեծ մասն անց էի կացնում ամենատարբեր բժշկական հաստատություններում՝ բժիշկների եւ հոգեբանների հետ: Դա շատ երկարատեւ պրոցես էր, բայց ի ուրախություն ինձ եւ հարազատներիս՝ այն լավ ավարտ ունեցավ: Ես դա համարում եմ ձեռքբերում եւ հաղթանակ, քանի որ կարողացել եմ դուրս գալ այդ դժվարին փուլից»:

Անորեքսիան հաղթահարելը հեշտ չի տրվել երգչուհուն, բայց նա խոստովանում է՝ այդ ճանապարհին ամենադժվարը եղել է հիվանդությունը գիտակցելու փուլը. «Գիտակցել, որ ինձ մոտ այդ հիվանդությունն է, գիտակցել, որ կարող եմ կորցնել կյանքս, գիտակցել, որ ունեմ կախվածություն, գիտակցել, որ պետք է պայքարեմ եւ ապրեմ… Հոգեբանների, բժիշկների եւ հարազատներիս ջերմության ու սիրո շնորհիվ կարողացա հաղթել այդ հիվանդությունը»:

Երգչուհին հիշեց նաեւ, թե ինչպես է հանրահայտ մորաքույրը՝ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանն այդ օրերին անդադար եղել իր կողքին.

«Հիվանդությանս առաջին րոպեից մինչեւ վերջինը կոքիս է եղել: Անհաշվելի քանակությամբ բարկացել է… Միեւնույն ժամանակ պատրաստել է իմ ամենասիրելի ուտեստները, որպեսզի ինձ մոտ ցանկություն առաջանար սնվելու: Թե´ հանրապետությունում, թե´ հանրապետությունից դուրս լավագույն մասնագետներին է փնտրել, որոնք կկարողանային ինձ այդ վիճակից դուրս բերել»:

Անդրադառնալով երգարվեստում երկարատեւ դադարին՝ Նադյան նշում է.

«Դա եւս կապված էր անորեքսիայի հետ: Երբ 15 տարեկանում կշռում ես 17 կիլոգրամ, դժվար է ցանկություն եւ ուժ գտնել մի բան անելու»:

Այսօր, երբ անորեքսիան անցյալում է, երգչուհին ավելի է սկսել գնահատել կյանքն ու սիրել սեփական մարմինը:

«Մենք՝ բոլորս, մեզ պետք է սիրենք այնպիսին, ինչպիսին կանք: Մենք ենք սահմանում օրենքներ, թե ինչպիսին պետք է լինենք: Դա մեր իրավունքն է եւ «Ես»-ը»:

Նադյան այժմ մասնագիտանում է՝ որպես հոգեբան: Սեփական հիվանդությունն է օգնել, որ կողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում: Նրա առաջիկա նպատակների մեջ է մտնում հոգեբանական կենտրոն բացելը, որտեղ կկարողանա այդ եւ նման խնդիրներ ունեցող մարդկանց հետ կիսվել իր փորձով եւ խորհուրդներով:

«Առաջին հերթին պետք է գիտակցել եւ ընդունել իրականությունը: Իմ դեպքում դա մի փոքր ուշ եղավ, երբ ես շատ պատահական լսեցի բժիշկների եւ հարազատներիս խոսակցությունը: Երբ բժիշկն ասաց՝ եթե այդպես շարունակեմ, ինձ կմնա ընդամենը մեկ ամսվա կյանք: Այդ պահից ես հայտնվեցի գիտակցական մի կետում, որտեղ կար միայն մեկ լուծում՝ պետք է պայքարեմ, որ ապրեմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Նադեժդան



© NEWS.am STYLE