Մինչ տոնական օրերին շատ հայտնիներ շարունակում էին կիսվել իրենց ամանորյա ֆոտոշարքերով, դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը տարբերվեց եւ հրապարակեց նոր լուսանկարներ, որոնք կապ չունեին Ամանորի հետ, բայց ոչ պակաս հիացրին իր երկրպագուներին: Նոր ֆոտոշարքն Իլոնան իրականացրել է դիմահարդար Նարինե Խաչատրյանի առաջարկով, իսկ լուսանկարների հեղինակը Հարութ Թաշչյանն է:
Եվ չնայած ֆոտոշարքն ամանորյա չէ, այն առիթ դարձավ, որպեսզի Իլոնայի հետ զրուցենք տարեսկիզբը դիմավորելու եւ նոր տարվա մտադրությունների մասին:
«Ամանորի գիշերը դիմավորեցի տանը՝ ընտանիքիս անդամների հետ, այնուհետեւ՝ մինչեւ լույս նշեցի ընկերներիս հետ: Ամեն տարեսկիզբ յուրովի է իր տեսակի մեջ, այս տարին հատկանշական էր նոր ծանոթությամբ, որը շատ բան փոխեց»,-պատմում է Իլոնան`նախընտրելով չբարձրաձայնել մանրամասները:
Դերասանուհուն հեռուստադիտողների լայն զանգվածը ճանաչում է «Ոսկե դպրոց» սիթքոմից:Նախագծի ավարտից հետո, սակայն, դերասանուհին չի երեւացել այլ ֆիլմաշարարերուն: Պատճառի մասին եւս կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.
«Առաջարկներ եղել են, բայց չենք համագործակցել. պատճառը թե´ հոնորարներն էին, թե´ ոչ բավարար հետաքրքրվածությունս: Մեծ հաճույքով կսպասեմ հետաքրքիր եւ կրեատիվ առաջարկների»:
Բացի նկարահանվելուց՝ Իլոնան փորձ է ունեցել նաեւ մասնակցելու գեղեցկության մրցույթի: Նա անցած տարի Կովկասը ներկայացրել է Իսպանիայում տեղի ունեցած Costa Blanca Fashion Week նորաձեւության եւ գեղեցկության մրցույթում, սակայն այս էջն իր համար արդեն փակ է համարում.
«Ճիշտն ասած՝ ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում նման ձեւաչափի մրցույթները»,-անկեղծանում է դերասանուհին, որին այս շրջանում առավել հետաքրքրում է նոր մշակույթներ ու երկրներ բացահայտելը: 2019-ը Իլոնան մեծամասամբ տրամադրել է ճանապարհորդություններին:
«Կրկին համոզվեցի՝ որքան շատ եմ սիրում այս կյանքը, որքան գեղեցիկ ու անսահման է ամեն ինչ՝ նոր մշակույթներ, նոր գույներ, մարդիկ... Ցանկանում եմ լինել երկրագնդի յուրաքանչյուր կետում՝ որքան հեռու իմ բնակավայրից, այնքան ավելի տարբեր ու հետաքրքիր ինձ համար... Պարտավոր եմ լինել: Մինչ երազելը տիեզերքի մասին ու մտածելն՝ ինչ կա այնտեղ, ինչպե՞ս կարող եմ ապրել ու չտեսնել այն ամենը, ինչ կա մեր Երկիր մոլորակի վրա»:
Դերասանուհին համոզված է՝ 2020-ն իր համար «խելագար» տարի է լինելու. «Միանշանակ շարունակելու եմ ճամփորդել, ստեղծագործական նոր մտքեր իրագործել, ձեռք բերել նոր բնակարան...»:
Սյունե Առաքելյան