«Ճշմարտությունը նման է արեւի. դու կարող ես այն ծածկել որոշ ժամանակ, բայց այն միեւնույն է հայտնվելու է». այսօր ծնվել է Էլվիս Փրեսլին

19:04   8 հունվարի, 2020

1935 թ-ի հունվարի 8-ին ծնվել է մեր մոլորակի ամենահայտնի, ազդեցիկ եւ նշանավոր արտիստներից մեկը, մարդ, որն իր յուրահատուկ տեղն ունի երաժշտական աշխարհում՝ ամերիկացի հայտնի երգիչ եւ դերասան Էլվիս Փրեսլին: Էլվիսն առավել հայտնի է «Ռոքն Ռոլի արքա» բնորոշմամբ: Չնայած այդ ժանրում նա առաջին եւ միակ կատարողը չէր՝ նա համարվում է ռոքն ռոլին նոր շունչ հաղորդած, այն ավելի նշանակալից բարձրության հասցրած կատարող: Նրա գաղտնիքը միքսերն էին: Նրան հաջողվել է միաձուլել քանթրի եւ բլյուզ ոճերն ու ստեղծել նոր՝ ռոքաբիլի ոճը:

Փրեսլին մահացել է 1977 թ-ին՝ 42 տարեկան հասակում: Պատճառը եղել է սրտի անբավարարությունը, որը ըստ վարկածի՝ հանգստացնող հաբերը չարաշահելու հետեւանք էր:

Նրա ստեղծագործությունները մինչ օրս հնչում են տարբեր բեմերում՝ տարբեր արտիստների կատարմամբ, իսկ նրա ոճը հաճախ դառնում է կրկնօրինակման ամենատարածված կերպարներից մեկը:

Այսօր առանձնացրել ենք Էլվիս Փրեսլիի հայտնի մտքերից մի քանիսը:

«Ճշմարտությունը նման է արեւի. դու կարող ես այն ծածկել որոշ ժամանակ, բայց այն միեւնույն է հայտնվելու է»:

«Ռիթմը մի բան է, որը կամ ունենում ես, կամ՝ ոչ: Բայց եթե այն առկա է քեզ մոտ, այլեւս կանգ առնել չես կարողանում»:

«Հուսով եմ՝ իմ կյանքի պատմությունը ոչ ոքի չի ձանձրացրել»:

«Իմ շարժումները կապված են միայն ոտքերիս հետ: Ես երբեք չեմ շարժում մարմինս»:

«Երբեք չեմ ակնկալել լինել կարեւոր մեկը»:

«Ճանկելը մարդու էության մեջ է, բայց ես առաջ շարժվելով եմ հասնում լավագույնին»:

«Իմիջը մի բան է, մարդկային էությունը՝ մեկ այլ բան: Դժվար է ապրել իմիջի մեջ»:

«Սկզբից էլ ամեն ինչ նույնն է եղել: Հետագայում միայն հանդիսատեսն է ավելացել»:

«Ես միշտ փորձել եմ ազնիվ կյանքով ապրել: Չեմ ցանկացել լինել վատ օրինակ»:

«Ես սիրում եմ զվարճացնել մարդկանց. կարոտում եմ դա, երբ երկար ժամանակ չեմ անում»:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE