Սիրավեպ «վամպիր» խաղընկրոջ հետ, դեր՝ Ատոմ Էգոյանի էրոտիկ թրիլերում եւ ավելին. «Վամպիրի օրագրերի» աստղ Նինա Դոբրեւը նշում է 31-ամյակը

15:05   9 հունվարի, 2020

«Վամպիրի օրագրերը» ամերիկյան հայտնի սերիալից հայտնի դերասանուհի Նինա Դոբրեւն այսօր՝ հունվարի 9-ին, նշում է ծննդյան 31-ամյակը: Գեղեցկուհի դերասանուհին հայտնի է ոչ միայն Էլենա Գիլբերտի կերպարով, այլեւ յուրահատուկ ոճով, սպորտային կառուցվածքով եւ էկրանային սիրավեպերով:

Նինայի երկրպագուների համար առանձնացրել ենք հինգ հետաքրքիր փաստ նրա մասին, որոնք հայտնի են ոչ բոլորին:

Եվ այսպես՝

Նինան կյանքի տարբեր փուլերում երեք տարբեր պետություններում է ապրել.

Դոբրեւը ծնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, սակայն երբ նա երկու տարեկան էր, ընտանիքով տեղափոխվում են Կանադա: Իսկ երբ արդեն Նինան որոշում է բռնել դերասանական ուղին, տեղափոխվում է Միացյալ Նահագներ:

Նա սիրում է պատրաստել զարդեր.

Դերասանուհին միշտ հետաքրքրված է եղել նորաձեւությամբ, եւ դա զգացվում է, երբ նրան լուսանկարում են պապարացցիները: Նա միշտ կատարյալ հագուկապով է լինում: Նինային հաճախ տեսնում ենք տարբեր զարդերով եւ աքսեսուարներով, որոնց մեծ մասն, ի դեպ, դերասանուհին ինքն է պատրաստում, երբ ազատ ժամանակ է ունենում: Չի բացառվում, որ ապագայում նա կներկայացնի իր բրենդային զարդերի հավաքածուն:

Դոբրեւը նկարահանման հրապարակում սիրավեպ է ունեցել երկու խաղընկերների հետ.

«Վամպիրի օրագիրը» սերիալում իր խաղընլերոջ՝ Դեյմոնին մարմնավորող Իեն Սոմերհոլդերի հետ Նինայի սիրավեպի մասին գիտեին բոլորը՝ ոչ միայն սերիալի երկրպագուներն, այլեւ շոու-բիզնեսի սիրավեպերին ակտիվորեն հետեւողները: Սակայն դա դերասանուհու միակ սիրավեպը չի եղել գործընկերոջ հետ: Նինան հանդիպել է նաեւ «Դեգրասի. գալիք սերունդ» ֆիլմաշարի իր խաղընկերոջ՝ Դենիել Քլարքի հետ:

Նա փոքրիկ դեր է ունեցել նաեւ Ատոմ Էգոյանի էրոտիկ ֆիլմում

2010 թ-ին Նինան փոքրիկ դերով հանդես է եկել հայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Քլոե» էրոտիկ թրիլերում, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ամանդա Սեյֆրիդը, Ջուլիանա Մուրն ու Լիան Նիսոնը: Ֆիլմում Դոբրեւը մարմնավորում Է Աննային:

Դոբրեւը հրաշալի երգում է.

Իր վոկալային տվյալները Նինան ցուցադրեց 2012 թ-ին՝ հանդես գալով Funny or Die երաժշտական հոկովակում: Հատկանշական է, որ հենց նա է եղել երգի հեղինակը:

Աղբյուրներ՝ Seventeen, The Talko, News24

Լուսանկարները՝ Նինա Դոբրեւի Instagram-ից եւ Getty Images



© NEWS.am STYLE