Ո՞վ է հայ մոդելներից առանձնացել համարձակ կերպարով եւ որտե՞ղ են իրենց հանգիստն անցկացնում հայ հայտնիները. Instagram-ն՝ այս շաբաթ

17:05   11 հունվարի, 2020

Հայկական Instagram-ն այս շաբաթ Սուրբծննդյան եւ հանգստյան տրամադրությամբ էր:

Հայտնիները շարունակում էին կիսվել իրենց ամանորա ֆոտոշարքերով, մաղթանքներով եւ ճանապարհորդությունների լուսանկարներով:

NEWS.am STYLE-ը մշտապես հետեւում է հայ հայտնիների օնլայն ակտիվությանն ու այս շաբաթ առանձնացրել ենք Instagram-ում տեղ գտած ամենահետաքրքիր գրառումներն ու լուսանկարները, որոնց անդրադառնում ենք նաեւ շաբաթվա ընթացքում:

Այսպիսով՝ դերասանուհի Մարինկա Խաչատրյանի Instagram-ում դեռ ամանորյա տրամադրություն է. նա տոնական ֆոտոշարքից կադր է հրապարակել՝ հուշելով, որ շատ է սիրում նվերներ ստանալ: Իսկ ավելի ուշ «Երկուսով» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին վերհիշել է ամառն ու սիրելիի հետ լուսանկար է հրապարակել՝ «Սեր եւ ամառ» մակագրությամբ:

Հունվարի 6-ին նշում էինք հայկական Սուրբ Ծնունդը: Հայտնիները եւս չէին կարող չանդրադառնալ գեղեցիկ տոնին: Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակավում է ԱՄՆ-ում, ինստագրամյան էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է եկեղեցում։ Նա շնորհավորել է իր հետեւորդներին նաեւ տեսանյութի միջոցով՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ»,-գրել է երգչուհին:

Սուրբ Ծննդյան առթիվ իր հետեւորդներին շնորհավորել է նաեւ Սիրուշոն, որն ի դեպ օրերս թողարկել է իր «Արմատ» հաղորդաշարը, որում պատմում է տարբեր երկրներում իր համերգների եւ տեղի հայկական համայնքի կյանքի մասին:

Երգչուհին հունվարի 7-ին նշել է ծննդյան 33-ամյակը, ինչի առթիվ Instagram-ում բազում շնորհավորանքներ է ստացել: Իր միկրոբլոգում Սիրուշոյին շնորհավորել է նաեւ Նազենի Հովհաննիսյանը:

«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ եւ հիմա՛... Հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն՝ էդպես էլ լինում է մեր իրականությունում։

Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն: Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, եւ հավատա՝ ոչ միայն նրանց: Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ, իմ չքնաղ Սիրուշո: Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ եւ արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները: Շնորհավոր ծնունդդ, սիրո՜ աղջիկ։

Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ... Քո երգերից բացի՝ առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես...»,-գրել է հաղորդավարուհին:

Իսկ Քիմ Քարդաշյանի դիմահարդար Հրուշ Աճեմյանը երգչուհու լուսանկարի ներքո թողել է մեկնաբանություն՝«Happy Birthday, love»:

Այս շաբաթ Instagram-ում յուրահատուկ կերպարներով են ներկայացել Իվետա Մուկուրյանը, որը լուսանկար է հրապարակել Լոս Անջելեսի օդանավակայանից, եւ մոդել Աննա Գրիգորյանը, որը բավական համարձակ սելֆի է ներկայացրել, որում առանց ներքնազգեստի է:

Իսկ ինստագրամյան ամենատարածված հրապարակումներն այս շաբաթ հայտնիների հանգստի մասին էին: Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, իրենց հանգիստն էին վայելում Փարիզում, Իննա Խոջամիրյանը՝ Եգիպտոսում, Հասմիկ Խոջյանը՝ Մոսկվայում, Տաթեւիկ Ադումյանը՝ Թաիլանդում: Մայա Պոոսյանը եւս նախընտրել է հանգիստն անցկացնել Թաիլանդում:

Դերասանուհի Լիա Զախարյանն իր հանգիստը սկսել է Պրահայից, այնուհետեւ՝ շարունակել Վիեննայում: Իսկ ամուսիններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողսոսյանն այս շրջանում Թբիլիսիում են:

Սոֆի Մխեյանն ու Լիլիթ Հովհաննիսյանն էլ նախընտրել են ամանորյա հանգիստը վայելել տոնին հատուկ ձմեռային շնչով: Սոֆին լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից, իսկ Լիլիթը՝ հայրենի Օձուն գյուղից:

«Հայկական Տիբեթում՝ Օձունում»,-այսպես է երգչուհին մակագրել լուսանկարը, որն արել է տաքուկ վառարանի կողքին:



© NEWS.am STYLE