11:03 29 հուլիսի, 2013Հուլիսի 28-ի երեկոյան պաշտոնապես հայտարարվեցին երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» երգի 11-րդ մրցույթի դափնեկիրները. կուբացի Ռոբերտո Կել Տորես, վրացուհի Սալոմե Կատամաձե եւ վիետնամցի Վին Հուատ: Իսկ փառատոնի ավարտից հետո, որը «Ձինթարի» համերգասրահում բազմաթիվ աստղերի էր հավաքել, NEWS.am STYLE-ը որոշեց ընտրել «Նոր ալիք 2013» մրցույթի աստղերի լավագույն եւ վատագույն կերպարները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վատագույն զգեստների հնգյակը:
Դրամ ունենալով՝ կարելի է շատ բան գնել: Սակայն գեղագիտության եւ գեղեցկության ներքին զգացողություն անհնար է գնել: Եվ մի քանի հայտնիներ լիովին ապացուցեցին այդ՝ «Նոր ալիք»-ի միջոցառումների ժամանակ ներկայանալով, մեղմ ասած, բացարձակապես անտեղի հագուստով:
1. Սկսենք ուկրաինական աստղ Անի Լորակից, ով երկրպագուներին եւ լուսանկարիչներին ներկայացավ ծոպերով զարդարված կարմիր բոդիով: Բեմի համար Լորակի հագուստը փոքր-ինչ տեղին էր, իսկ ահա լրագրողների եւ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ այն լողազգեստի տեսք ուներ: Ի դեպ, բոդիի դիզայնը հիշեցնում էր Ջենիֆեր Լոպեսի կերպարը American Idol 2011-ի եզրափակչի ժամանակ:
2. Անաստասիա Ստոցկայայի գոթական զգեստը հիշեցնում էր «Մարտիկների թագուհի» Զեննայի կերպարը՝ համանուն համակարգչային խաղից: Երգչուհու զգեստը նաեւ չէր համապատասխանում նման միջոցառման dress code-ին:
3. Վայկուլեի կոստյումի սեւ ու սպիտակ գծերն ակնհայտորեն երգչուհու կազմվածքին մի քանի կիլոգրամ էին ավելացնում: Լայն տաբատով նա իսպանական ցլամարտիկի տեսք ուներ: Անհաջող իսպանական թեմատիկան շարունակում էր Լայմայի կրծքի վառ ծաղիկը:
4. Երգուհի Վալերիայի տաբատով կոստյումն ավելի շատ նման էր կիմոնոյի, կամ էլ, վատագույն դեպքում, տաբատով գիշերազգեստի: Եվ առաջին անգամ չէ, որ Իոսիֆ Պրիգոժինի սիրելի կինը մրցույթների եւ արարողությունների ժամանակ կերպարի հարցում անհաջողության է մատնվում:
5. Եվ ամենաանհաջող կերպարի մեր ցուցակը եզրափակենք ռուսական հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայով: Աղջիկը «Նոր ալիք»-ի առաջին մրցութային օրը ներկայացել էր սեւ տրիկոտաժե երկար զգեստով: Նման զգեստով սովորաբար հայտնվում են, թերեւս, լողափին:

Կարինե Աբրահամյան