Օռլանդո Բլումը նշում է 43-ամյակը. դերասանի կյանքի հայտնի կանայք ու բարեգործությունները (ֆոտո)

17:03   13 հունվարի, 2020

Այսօր՝ հունվարի 13-ին, ծննդյան 43-ամյակն է նշում բրիտանացի հայտնի դերասան Օռլանդո Բլումը: Իր դերասանական հաջողությունը Բլումը գրանցեց «Մատանիների տիրակալը» ֆիլմի շնորհիվ, որը նրա առաջ դռներ բացեց դեպի պատմական եւ արկածային նոր ժապավեններ: Դերասանի կարիերայի լավագույն նմուշներից է «Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմաշարում Ուիլ Թըրների դերը: Բլումի մանակցությամբ հայտնի ֆիլմերից են նաեւ «Տրոյան», «Երկնային արքայությունն» ու «Հոբիթը»:

Բլումն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հնարավորինս չափ փորձելու է կապված լինել իր իրական կյանքի հետ: Նա նաեւ միացել է Global Green՝ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպությանը: «Երկնային արքայություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ աստղը, նույնիսկ, հասցրել է փրկել մի շնիկի, որին հետագայում ինքն է պահել եւ անվանել Սիդի:

2009-ին դերասանը դարձել է UNICEF-ի Բարի կամքի դեսպան: Իր գործունեության ընթացքում հոլիվուդյան աստղը այցելել է Նեպալ, շրջայց կատարել այնտեղի գյուղերով եւ դպրոցներով եւ ձեռնամուխ եղել կրթական եւ այլ անհրաժեշտ հարցերի զարգացման գործերին: 2016 թ-ին նա եղել է նաեւ Ուկրաինայի Սլովյանսկ քաղաքում՝ անդրադառնալով այնտեղի դպրոցահասակների կրթական խնդիրներին՝ Ռուսաստանի հետ ճգնաժամային իրավիճակի ընթացքում:

Ինչ վերաբերում է դերասանի անձնական կյանքին՝ նրան բախտ է վիճակվել հանդիպելու Հոլիվուդի ամենահմայիչ եւ հայտնի կանանցից մի քանիսի հետ:

2003 թ-ին բոլորը խոսում էին Բլումի եւ դերասանուհի Քեյթ Բոսվորթի հարաբերությունների մասին, որոնք ավարտվեցին 2006 -ին: Մեկ տարի անց դերասանը սկսեց հանդիպել ավստրալիացի հայտնի մոդել Միրանդա Քերի հետ:

2010 թ-ին նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին, իսկ մեկ ամիս անց ամուսնացան: 2011 թ-ին ծնվեց նրանց որդին, սակայն հանրահայտ զույգը երկու տարի անց հայտարարեց բաժանության մասին:

Այժմ դերասանը նշանված է երգչուհի Քեթի Փերիի հետ: Նրանց հարաբերությունները սկիզբ են առել դեռեւս 2016 թ-ից, իսկ 2019-ի փետրվարին Փերին հաստատեց իրենց նշանադրության լուրը:

Լուսանկարները՝ Dave Benett/WireImage, Stefanie Keenan/Getty Images, Getty, REX/Shutterstock, Donato Sardella/WireImage



© NEWS.am STYLE