Կաննի կինոփառատոնի ժյուրին առաջ անգամ սեւամորթ կգլխավորի

17:49   14 հունվարի, 2020

Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին 2020թ.-ին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

«Ինձ համար Կաննի փառատոնը (բացի նրանից, որ աշխարհի ամենակարեւոր կինոփառատոնն է, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց այպես է) մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի իմ կարիերայի վրա։ Կարելի է ասել, որ Կանն ինձ դարձրել է այնպիսի, ինչպիսին եմ այսօր կինոարտադրության ոլորտում»,- հայտարարել է կինեմատոգրաֆիստը։

Կաննի միջազգային կինոփառատոնը կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին մայիսի 12-23-ը 73-րդ անգամ։ Այս տարի որպես ժյուրիի նախագահ ընտրվել է ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սփայկ Լին, որը «Արա, ինչպես հարկավոր է», «Չեն բռնել, գող չէ», «Կլանի սեւ անդամը» ֆիլմերի հեղինակն է։

Լուսանկարը՝ CHRIS PIZZELLO/INVISION/AP/SHUTTERSTOCK



© NEWS.am STYLE