Գերմանիայի «Ձայնը» նախագծի հայ ֆինալիստ Դավիթ Նիկալայանը՝ Հելենե Ֆիշերի հետ զուգերգի եւ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու երազանքի մասին

15:05   15 հունվարի, 2020

Գերմանական The Voice Kids նախագծի ֆինալիստ Դավիթ Նիկալայանը օրերս նոր նվաճում է գրանցել երաժշտական հարթակում: Մեր հայրենակիցը հրավեր է ստացել մասնակցելու գերմանացի հայտնի երգչուհի Հելենե Ֆիշերի շոուին եւ, նույնիսկ, դուետով հանդես եկել նրա հետ:

«Հելենե Ֆիշերը Գերմանիայի ամենահայտնի եւ պահանջված երգչուհիներից է։ Նա տարին մեկ անգամ կազմակերպում է իր շոուն, որին այս տարի ներկա էին 16 հազար հանդիսական, իսկ հեռուստատեսությամբ դիտեց ավելի քան 6 միլիոն մարդ։ Հրավերը ստացանք երգչուհու մենեջերից, մի կարճ տեսաձայնագրություն ուղարկեցինք եւ ստացանք վերջնական հրավերը շոուին մասնակցելու, որտեղ Հելենեի հետ երգեցինք «Առյուծ արքա» ֆիլմից Սիմբայի երգը։ Նշեմ նաեւ, որ ֆիլմում այդ երգը ինքս եմ երգում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց 12-ամյա պատանին, որը երgչուհու հետ զուգերը կարեւոր փորձ է համարում կյանքում.

«Փորձերի ժամանակ կամ ընդմիջումներին հաճախ էինք զրուցում նրա հետ։ Լինելով շատ հայտնի երգչուհի՝ նա իրեն շատ համեստ եւ հասարակ էր պահում, կարծես՝ մեր ընկերը լիներ։ Մասնագիտական խորհուրդներից նա միշտ կրկնում էր, որ բեմում մեզ ավելի ազատ զգանք եւ չվախենանք այդ հսկայական դահլիճից»։

Հայ պատանին գերմանական «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո տարբեր առաջարկներ է ունեցել. «Մասնակցել եմ նաեւ UNICEF-ի գալա երեկոյին՝ ներկայացնելով Հայաստանը, «Մանկան ժպիտ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին էլ ներկայացա իմ երկու կատարումներով։ Շատ հրավերներ էլ ստիպված մերժում եմ, քանի որ չեմ հասցնում համատեղել դասերիս հետ»,-ասում է նա:

2020-ի համար էլ մեր հայրենակիցը մի շարք ծրագրեր ունի.

«Առաջին հերթին ուզում եմ երգ ձայնագրել ու տեսահոլովակ նկարահանել։ Ունեմ նաեւ շատ ծրագրերի եւ համերգների հրավերներ։ Իսկ ամենամեծ նպատակս ու երազանքս է «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը։ Հուսամ դա էլ կիրականանա»։

Գերմանիայի «Մանկական Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում Դավիթը կատարել է This is a Man’s World հայտնի երգը՝ ստիպելով ժյուրիի բոլոր անդամներին՝ Լենա Մեյերին, The BossHoss խմբին, Ստեֆանի Քլոսին եւ Մարկ Ֆոսթերին շրջվել իր ելույթի ընթացքում: Հայտնի գերմանացի արտիստները Դավիթի ելույթից հետո բառի բուն իմաստով պայքարում էին հայ պատանուն իրենց թիմերում ունենալու համար, սակայն մեր հայրենակիցն ընտրել է Մարկ Ֆոսթերին, որի հետ էլ շարունակել է մրցութային պայքարը, մինչեւ «Սուպեր եզրափակիչ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դավիթ Նիկալայանի արխիվից



© NEWS.am STYLE