«Առաջին անգամ համարձակվեցի հաց թխել 17 տարեկանում, սակայն այդքան էլ լավ արդյունք չունեցա». 22-ամյա Փոլ Պողոսյանի համեղ ու գեղեցիկ արվեստը (ֆոտո)

16:04   16 հունվարի, 2020

22-ամյա Փոլ Պողոսյանը, որն Instagram-ում առավել հայտնի է իր «agapé» բրենդով, զբաղվում է բավական համեղ եւ էսթետիկ գործով: Նա պատրաստում եւ ձեւավորում է հրուշակեղեն եւ արդեն ունի մեծ քանակությամբ պատվիրատուներ:

Փոլը խոստովանում է՝ սկզբնական շրջանում շատերն էին զարմանում տեսնելով տղայի, որը պատրաստում է տորթեր, բայց առավել հաճախ զարմանում են՝ իմանալով, որ իր գիտելիներին ու ունեցածին ինքնուրույն է հասել:

NEWS.am STYLE-ը միշտ կողմ է շնորհալի եւ հետաքրքիր մարդկանց ներկայացնելուն: Այսպիսով, Փոլի հետ զրուցել ենք իր տաղանդի ու սիրելի աշխատանքի մասին:

«Դպրոցն ավարտելուց հետո արդեն գիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել, սակայն հրուշակագործության հետ կապված համապատասխան ուսումնական հաստատություն այդ պահի դրությամբ չգտա: Փոխարենը հետաքրքրված էի լուսանկարչությամբ եւ այն դարձրի մասնագիտություն»,-պատմում է երտասարդը, որը պատրաստելու հանդեպ սերը ժառանգել է մայրիկից.

«Մայրիկս մասնագիտությամբ հացթուխ է, այդ իսկ պատճառով մանկուց միշտ ակնատես եմ եղել, թե ինչպես է նա աշխատում խմորի հետ։ Սերը խմորի, քաղցրի հանդեպ ծնվել է դեռ մանկուց։ Առաջին անգամ համարձակվեցի հաց թխել 17 տարեկանում, սակայն այդքան էլ լավ արդյունք չունեցա։ Դա ինձ համար մոտիվացիա հանդիսացավ ավելի խորանալու այդ ասպարեզում»,-ասում է նա ու շարունակում,- «Ամեն ինչ սկսել եմ ինքնուրույն, այնուհետեւ ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց Նելլի Քոսոյանի հետ, որն ինձ տվեց շատ բազային գիտելիքներ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան։ Իսկ իմ պատրաստած առաջին թխվածքը եղել է պիստակով չիզքեյքը, որը Երևանում շատ քիչ սրճարաններում  է հանդիպում»:

Փոլն ասում է՝ իր պատրաստածի առաջին դատավորն ու քննադատը հենց ինքն է.

«Եթե ինձ դուր չեկավ, ուրեմն ինչքան էլ ասեն համեղ է, մինեւնույն է համաձայն չեմ լինի» (ծիծաղում է):

Համեղ եւ գեղեցիկ քաղցրեղեն պատրատելը բնավ հեշտ գործ չէ: Երիտասարդ հրուշակագործից հետաքրքրվեցինք՝ որն է եղել ամենաբարդ թխվածքը, որը երբեւէ պատրաստել է.

«Ինձ համար ամենադժվարը մեղրով տորթն է։ Մոտ երկու ժամ կանգնում ես գազօջախի առջեւ, որպեսզի խմորը չվառվի եւ ճիշտ գույն ստանա։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը՝ բացել  խմորը ճիշտ չափով, որպեսզի ունենա ճիշտ բարձրություն։ Իմ միակ օգնականն այս պահին մայրս է։ Հատկապես մեղրով տորթ պատրաստելու ժամանակ»,-ասում է նա՝ հավելելով, որ հաճախ է ուսումնասիրում հայտնի հրուշակագործների բաղադրատոմսերը. «Բայց միշտ երբ պատրաստում եմ, անպայման ավելացնում եմ ինձանից մասնիկ եւ որոշ չափով փոփոխում եմ այն։ Այս պահի դրությամբ ես ունեմ իմ հեղինակային դեսերտները՝ բանանով տորթ, կարամելային  և չիչխանով չիզքեյքները»։

Փոլը նշում է՝ առհասարակ սիրում է պատրաստել ամեն ինչ, ինչը կապված է քաղցրի հետ: Այժմ իր պատրաստած հւրուշակեղենի պատվերներն ու վաճառքը կատարվում են օնլայն հարթակում, սակայն նրա առաջիկա ծրագրերի մեջ մտնում է սեփական հրուշակեղենի արտադրամաս բացելը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE