17:14 29 հուլիսի, 2013Երգիչ Հայկոն NEWS.am STYLE-ի հետ զրույցում բավական բարձր գնահատեց Յուրմալայում անցկացված երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանի ելույթը:
Մրցույթում հայկական «Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը վաստակեց 344 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Եզրափակչում նա կատարեց «Միայն ես եւ դու» երգը, որի կոմպոզիտորը Հայկոն է, խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք 2013»-ում հաղթող ճանաչվեց կուբացի Ռոբերտո Կել Տորրեսը:
«Եթե կա մրցույթ, չի կարող այնպես լինել, որ բոլորը հաղթեն: Չի կարող պատահել, որ մեր երկիրն ամեն տարի հաղթանակ տանի: Փառք Աստծո, մեկ անգամ հաղթող ունեցել ենք՝ Սոնա Շահգելդյանը: Եթե հետեւել եք մրցույթի քաղաքականությանը, ոչ մի երկիր երկու անգամ չի հաղթում…
Օրինակ, այս տարի հաղթեց Կուբայի ներկայացուցիչը. նա «գրավեց» իր հմայքով, լավ ելույթով, ձայնի տեմբրով: Շատ արժանի հաղթանակ էր»,- նշեց Հայկոն եւ հավելեց. «Նախորդ տարիներին, բացի Սոնայի հաղթանակից, նաեւ շատ լավ ելույթներ ենք ունեցել, օրինակ՝ Էրիկի կատարումը:
Մաշայի մասին կարող եմ ասել, որ շատ լավ երգչուհի է: Մենք պետք է թույլ չտանք, որ Մաշան հիասթափվի: Այսօր մեր մամուլը, համացանցն ու Facebook սոցիալական ցանցն ամեն ինչ անում են, որ ստեղծագործող մարդիկ հիասթափվեն եւ թողնեն իրենց գործը: Կարծում եմ՝ փոքրամասնության կարծիքը չարժե հաշվի առնել, չնայած բոլոր կարծիքներն էլ ինձ համար թանկ են:
Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է քաջալերենք մեր աղջկան, որովհետեւ, հաշվի առնելով, օրինակ, այնտեղի խոնավ օդը, նրա ձայնը կտրվել էր: Սակայն նա լավ ելույթ ունեցավ: Որոշ թերացումներ, թերեւս, եղան, բայց մրցույթ է: Աշխարհի չեմպիոններն էլ են պարտվում, «Բարսելոնա»-ի նման թիմը նույնպես մե՛կ հաղթում, մե՛կ պարտվում է… Դա չի նշանակում, որ մենք չենք սիրում Մերիին: Մեր Մերին է, մեր աղջիկն է: Ես գոհ եմ նրա ելույթից»: