«Մոդելինգն այն ասպարեզը չէ, որտեղ լինելն այնքան հաճելի է, որքան թվում է». Լյուսի Հայրապետյանի արձագանքը կարծրատիպերին, սիրելիին չբացահայտելու պատճառներն ու իրական «մասնագիտությունը»

13:11   18 հունվարի, 2020

Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի… կոչումներ, որոնք շատերի համար երազանք են եղել ու շարունակում լինել, սակայն այս մասնագիտությունները յուրացրած Լյուսի Հայրապետյանը նշում է՝ դա այն չի եղել, ինչի մասին ինքը երազել է մանկուց: Մոդելը վստահ է՝ կնոջ ամենակարեւորը «մասնագիտությունը» մայր լինելն է:

NEWS.am STYLE-ը Լյուսիի հետ զրուցել է մոդելինգի, սկզբունքների, մոդելների մասին կարծրատիպերի, էքստրեմալ նախասիրությունների եւ սիրելիին չբացահայտելու մասին:

Լյուսի, մոդել լինելը շատ աղջիկների համար առավելություն է, ինքնավստահություն է փոխանցում. քո դեպքում ե՞ւս այդպես է:

Մոդել լինելն առաջին հերթին պատասխանատվություն է, զգոնություն, նախանձ «ընկերուհիներ»-ի մեծ բանակ եւ ամուր նյարդեր (ծիծաղում է):

Ըստ իս` մոդել-առավելություն-ինքնավստահություն բառերը ոչ մի ընդհանրություն չունեն: Եթե գտնվեն հակառակը պնդողները, ուղարկեք մոտս` հակառակը ապացուցեմ: Այնքան մոդել ցույց տամ, որ մինչեւ կյանքի վերջ երեւի չհասցնեն ինքնահաստատվել եւ իրենցից առհասարակ ինչ-որ բան ներկայացնել:

Այսքան տարի մոդելինգի ոլորտում ես. մոդելինգը բնավորությանդ մեջ ինչ-որ գծեր ձեւավորե՞լ է:

Ախ այդ տարիները...(ժպտում է):

Այո, իհարկե. մոդելինգը ե´ւ տարել է, ե´ւ տվել: Դրա շնորհիվ ես այժմ «միշտ պատրաստ եմ», ապրում եմ թեթեւ: Կարող եմ գնալ երեկո վարելու եւ վերջին պահին միտքս փոխել ու հագնել այլ զգեստ, մազերս քանդել ու հենց այդպես քանդած գնալ, դիմահարդարումից շատ բաներ ուղղակի մաքրել: Հասկացել եմ, որ ամեն ինչ ու ամեն ոք անցողիկ է: Կանք հիմա եւ  այստեղ: Մոդելինգի տարիներից սովորեցի մարդկանց չվստահել (ցավոք, թե բարեբախտաբար), լավություն անել ու ջուրը գցել, ավելի գնահատել ընտանիքս եւ կիսվել միայն մտերիմներիս հետ: Հասկացա, որ սա այն ասպարեզն է, ուր կա նախանձ ու չարություն` շատ կա, բայց ուշադիր ու նրբանկատ լինելու դեպքում կարող ես գտնել գեղեցիկն ու բարին մեկում: Հասկացա, որ հաջողություններովդ կիսվելը այնքան էլ լավ գաղափար չէ... Իրականում մոդելինգն այն ասպարեզը չէ, որտեղ լինելն այնքան հաճելի է, որքան թվում է: Բեմում բոլորն են «բարձր» երեւում, բեմը շոու է ինքնին, իսկ մենք ապրում ենք Աստծո բեմում:

Եղե՞լ է, որ կյանքում բախվես մոդելների մասին կարծրատիպերից որեւիցե մեկին ու դա քեզ բարկացնի: Այդ պարագայում ինչպե՞ս ես արձագանքում:

«Լուս, տենցն են չէ՞ բայց» ձեւակերպումը պատահել է: Ինձ հարցնում են մերոնց մասին. 99% դեպքերում վատ կարծիքներ... Գիտե՞ք, թե ինչ եմ անում. համաձայնվում եմ` ի տարբերություն նախորդ տարիների: Ամեն տեսակ մարդ կա մեր աղջիկների մեջ՝ ինչու՞ բարկանամ: Ամեն ոք ինքն է որոշում իր «բավականն» ու «էլի»-ն: Ինձ հաճախ ասում են .«Լուս, դու ոնց-որ հեչ մոդել չլինես հա, դու մի տեսակ խելացի ես, ուղեղ ունես»: Անկեղծ՝ ուրախանում եմ. երեւի նրա համար, որ ունեմ կայուն արժեհամակարգ եւ բնավորություն: Ինձ պես էլի աղջիկներ կան մերոնց մեջ, վստահ եղեք: Այդ վատ որակավորումները կապ չունեն մոդել լինելու հետ. վերջիվերջո, գյուղ չկա շուն չլինի:

Մոդել, հաղորդավարուհի, երբեմն` նաեւ դերասանուհի... Մասնագիտություններ, որոնց մասին շատ աղջիկներ երազում են մանկուց: Սրանք մտե՞լ են քո մանկության երազանքների մեջ:

Ոչ (ծիծաղում է): Իրականում մանկության այդքան շատ հնչող հարցին.«Մեծանաս ի՞նչ ես դառնալու» ես շատ տրամաբանական պատասխան եմ միշտ տվել` մամա:

Մայրիկը կնոջ ամենակարեւոր մասնագիտությունն է, եթե, իհարկե, հասկանում ես այդ կոչման ամբողջ բովանդակությունը:

Ի՞նչ ես մասնագիտությամբ: Որտե՞ղ ես սովորել:

Ավարտել եմ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Օտար լեզուների» Ֆակուլտետը` մանկավարժ, բանասեր, լեզվաբան:

Նաեւ հետագայում ավարտել եմ Շադոյանի դիզայներական նկարչության կուրսը` ստանալով համապատասխան ավարտական սերտիֆիկատ: Հաճախել եմ նաեւ դերասանական կուրսերի, խոսքի վարպետության դասերի:

Հաճախ մոդելները մասնակցում են նաեւ միջազգային գեղեցկության մրցույթների. քեզ, կարծես, թե չենք տեսել այդ հարթակում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո, չեք տեսել երկու պարզ պատճառով. ամեն նմանատիպ մրցույթին մասնակցելուց առաջ սիրելի ընկերոջ արգելքը կար ու կար, իսկ ես իմ գիտակից հասուն տարիքում չեմ հիշում, որ մենակ լինեի (ժպիտում է): Եվ հետո՝ չեմ սիրել այդ տգեղ պահը, երբ լողազգեստով պտտվում ես, որ ժյուրիի անդամները` շատ հաճախ նորաձեւության եւ մոդելինգի հետ կապ չունեցող անկապ մարդիկ, գնահատեն մարմնիդ ելեւէջները (ծիծաղում է): Ոչ միշտ էին այդ մրցույթների բոլոր փուլերը անցկացվում բեմում:

Քո ինստագրամյան սթորիներից պարզ է դառնում, որ ակտիվ կյանք ես սիրում վարել: Իսկ ինչպե՞ս ես սիրում հանգստանալ:

Հանգստանալ նույնպես սիրում եմ ակտիվ: Հիշում եմ՝ մի անգամ քրոջս հետ սերֆինգի ժամանակ ուժասպառ միասին ասացինք՝ «Գնանք Երեւան հանգստանանք»: Օդանավում քնելը, դե, իմ մենաշնորհն է. այ այնտեղ հաստատ, որ ակտիվ չեմ հագստանում:

Լուսանկարներից մեկում, նույնիսկ, զիփլայնի վրա էիր գեղեցիկ դիրք ընդունել: Էքստրեմալ խենթություններ հաճա՞խ ես անում:

Շնորհակալություն, որ նկատել եք ու գնահատել: Առաջին անգամն էր: Ընկերոջս հետ էինք, նա վերջին պահին հրաժարվեց, ես` ոչ: Կես ճանապարհին մտածեցի. «Ախր տարօրինակ է, է՜, որ հրաժարվեց. գուցե իրոք վախենալու է»: Հետո մտածեցի. «Ահ, լինող բանը կլինի, թուլանամ ու մաքսիմալ հաճույք ստանամ» (ծիծաղում է): Էքստրեմալի մանյակ եմ. սիրում եմ փորձել: Առիթի դեպքում ռիսկի եմ գնում… Հաջորդը, կարծում եմ, պարապլանով թռիչքը կլինի:

Հաճախ ես խոսում ընկերոջդ մասին, բայց չես բացահայտում նրան: Անձնականը փակ պահելը սնահավատությո՞ւն է:

Կյանքը լի է անակնկալներով. երբեք չես իմանում՝ ինչ կլինի վաղը: Սնահավատության հարց չկա, ամենեւին, ուղղակի հասկացել եմ, որ «5 ուզող ունեմ, 15 չուզող», իսկ սիրտս կլինի զբաղված, երբ սրտիս տակ կբաբախի մեկ այլ փոքրիկ սրտիկ: Միայն այդ ժամանակ կզգամ, որ կատարել եմ ընտրությունս: Այժմ դեռ դրա ճանապարհին եմ եւ հուսով եմ` շուտով կհասնեմ ֆինիշին (ժպտում է):

Ասում են` պրոֆեսիոնալ մոդելը պետք է ներկայանա ցանկացած կերպարում, լինի դա ներքնազգեստ, լողազգեստ, թե չափից դուրս բաց հագուստ: Համաձա՞յն ես այս մտքին: Կա՞ն, արդյոք, սկզբունքներ, որոնք չես անցնի:

Պետք է, եթե ուզի: Կան բաներ, որ չեմ անի, լուքեր, որոնք իմը չեն: Բացության աստիճան ու կոնցեպտ կա, որը մինչ օրս պահպանել եմ եւ, կարծում եմ, այդպես էլ կշարունակվի: Ունեմ ընտրության եւ հրաժարվելու իրավունք: Այդպես եմ վարվել միշտ:

2020-ն ինչպե՞ս դիմավորեցիր ու ինչպե՞ս ես ծրագրում շարունակել:

Դիմավորեցի շատ աշխատանքային եւ ուրախ, իսկական ձմեռային հեքիաթում` Ջերմուկում: Տարին խոստանում է լինել շատ աշխատանքային, ձգտումներով, բայց միեւնույն ժամանակ շատ ծովափնյա, կուլմինացիոն փոփոխություններով լի, նպատակասլաց եւ համառ: Պլանավորում եմ տանջամահ անել 2020-ին (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը



© NEWS.am STYLE