«Շատ տխուր է». արքայազն Հարին կզրկվի զինվորական կոչումներից եւ համազգեստ կրելու իրավունքից

23:16   20 հունվարի, 2020

Թագավորական ընտանիքի անդամի լիազորությունները դադարեցնելու որոշումը թանկ կարժենա Բրիտանիայի թագուհու թոռան՝ արքայազն Հարիի համար։ Մեգան Մարքլի ամուսինը ստիպված կլինի հրաժարվել ռազմական շքանշաններից եւ տիտղոսներից։ Դրանց շարքում են թագավորական ծովային հետեւակազորի գեներալ-կապիտանի, Հոնինգթոնի թագավորական ռազմա-օդային բազայի պատվավոր հրամանատարի, ինչպես նաեւ թագավորական նավատորմի՝ փոքր նավերի ու ջրասուզակների օպերացիաների պատվավոր գլխավոր հրամանատարի պաշտոնները։

Որպես պաշտոնաթող զինծառայող՝ Հարին կկարողանա կրել իր զինվորական մեդալները, սակայն նրան թույլ չի տրվի համազգեստով ներկայանալ հանրությանը։ «Հաջորդ անգամ, երբ Սասեքսի դուքսը ներկա լինի ռազմական միջոցառման, նա ստիպված կլինի քաղաքացիական հագուստ կրել, քանի որ նա այլեւս չի մասնակցում ռազմական որեւէ ստորաբաժանման։ Դա շատ ցավալի է։ Շատ տխուր է նրան կորցնել բանակից»,- ասել է լորդ Ուեսթը՝ ծովային նախկին առաջին լորդը։

Արքայազնը երկու անգամ գործուղման է մեկնել Աֆղանստան։ 2007-2008թթ. նա ծառայություն է կատարել Գիլմենդ նահանգում՝ որպես ավիացիոն նշանառու։

Արքայազնի ընկերները հայտնել են, որ զինվորական անցյալը նրա համար թանկ էր, եւ նա հպարտությամբ էր համազգեստ կրում։ Թագավորական ծովային հետեւակազորի անդամներն անակնկալի են եկել Հարիի մեկնելու պատճառով։ Նրանք անհանգստացած են, թե ով է նրան փոխարինելու՝ որպես իրենց ստորաբաժանման գեներալ-կապիտան։ Արքայազնն այդ պաշտոնը ժառանգել էր պապից՝ արքայազն Ֆիլիպից, երբ վերջինս թողել է պարտականությունների կատարումը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Ian Gavan/Getty,  Samir Hussein/Wireimage/Getty Images



© NEWS.am STYLE