«Միսթր Բինին բացարձակ նման չէ». Մկրտիչ Արզումանյանն ու Սարգիս Մնոյանը՝ ռուսական եթերում հայտնված առաջին հայկական նախագծի՝ «Գոշայի» մասին (ֆոտո)

15:25   22 հունվարի, 2020

Հունվարի 25-ից ռուսական «Супер» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի հայկական սցենարով գրված հումորային նախագիծ՝ «Գոշա»-ն, որի գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է: Նախագծի ստեղծագործական կազմը նշում է՝ դժվար է բնութագրել այն սերիա՞լ է, սիթքո՞մ, թե՞ սքեթչ, քանի որ նախագիծը պատմությունների շարք է, որն իր մեջ ունի նաեւ այլ ձեւաչափերին բնորոշ առանցքային գծեր:

Բայց հաստատ է մի բան՝ Սարգիս Մնոյանի, Աշոտ Աբրահամյանի եւ Մկրտիչ Արզումանյանի մտահաղացումը միանգամից գրավել է ռուսական կողմին՝ դառնալով առաջին հայկական նախագիծը ռուսական էկրանին:

Սարգիսն ու Մկրտիչը նաեւ նախագծի պրոդյուսերներն են, իսկ  գլխավոր պրոդյուսերները Yellow, Black and White ընկերության ղեկավարներն են՝ Էդուարդ Իլոյանի, Ալեքսեյ Տրոցյուկի, Վիտալի Շլյապոյի եւ Դենիս Ժալինսկու գլխավորությամբ: Արտադրական մասով զբաղվել է «НЕБО» կինոընկերությունը, իսկ ռեժիսորը Միխայիլ Միրոնովն է, որը նաեւ «Երեկոյան Ուրգանտ» հումորային թոք-շոուի գլխավոր ռեժիսորն է:

NEWS.am STYLE-ը «Գոշայի» ստեղծման, նկարահանմնան ընթացքի եւ գլխավոր հերոսի առանձնահատկությունների մասին զրուցել է պրոդյուսեր Սարգիս Մնոյանի եւ գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանի հետ:

Սարգիս Մնոյանի խոսքով՝  «Գոշայի» նկարահանումները սկսվել եւ ավարտվել են 2014 թ-ին՝ Մոսկվայում: Այն առայժմ բաղկացած է 14 մասից:

«Հաշվի առնելով Մկոյի բազմաշերտ դերասանական տաղանդը՝ գիտեի, որ շատ հետաքրքիր բան կարող էր ստացվել, եթե արվեր մի նախագիծ, որտեղ Մկրտիչը կմարմնավորեր մի կերպարի, որն իր բոլոր էմոցիաներն ու ապրումները կարտահայտեր առանց խոսքի: Այդ գաղափարով կիսվեցի իմ ընկեր Գարիկ Մարտիրոսյանի հետ, նա էլ շատ հավանեց միտքը, եւ իր միջնորդությամբ տեղի ունեցավ իմ ծանոթությունը Yellow, Black and White՝ ռուսական խոշորագույն կազմակերպություններից մեկի գլխավոր պրոդյուսեր Էդուարդ  Իլոյանի հետ: Նրան պատմեցի այս գաղափարի մասին եւ ստացա հավանություն այն իրականացնելու: Պիլոտային տարբերակը նկարահանել ենք Հայաստանում. այն բավական արագ հաստատվեց, որից հետո կնքեցինք պայմանագիրը»:

Պրոդյուսերը նշեց, որ հենց սկզբից նախագիծն ամբողջությամբ ստեղծվել ու կառուցվել է Մկրտիչ Արզումանյանի շուրջ.

«Ամբողջ նախագծի ոչ միայն գլխավոր, այլեւ միակ մեծ դերը մարմնավորում է հենց նա: Կան, իհարկե, այլ դերասաններ եւս. Գոշայի սիրելիին, օրինակ, մարմնավորում է Վիկտորիա Ռունցովան, ընթացքում փոքրիկ դերերով երեւում են նաեւ այլ հայտնի դեմքեր, բայց ամբողջ պատմությունը Գոշայի շուրջ է  հյուսված»:

Սարգիս Մնոյանի խոսքով՝ Գոշան երկար ու բարդ ճանապարհ է անցել մինչ եթերին հասնելը.

«Ի սկզբանե նախատեսված էր, որ նախագիծը պետք է հեռարձակվեր «СТС» հեռուստաալիքով, բայց այդ շրջանում հեռուստատեսության ղեկավարությունը փոխվեց, եղան նաեւ այլ փոփոխություններ: Սկզբում ունեինք պայմանավորվածություն 3 եթերաշրջանի համար, բայց հիմա մի քիչ դժվար է ասել՝ ինչ կլինի, ամեն ինչ կախված է նրանից, թե նախագիծն ինչ արձագանքներ կստանա: Հուսով ենք՝ հեռուստադիտողն այն կհավանի»:

Մկրտիչ Արզումանյանն էլ անդրադառնալով Սարգիսի ու Աշոտի հետ համագործակցությանը՝ հավելեց. «Նրանք իմ լավ ընկերներ են, որոնց հետ բազմիցս աշխատել եմ, որոնք նաեւ քաջ տեղյակ են իմ դերասանական «զինանոցին», ծանոթ են այն ամենին, ինչը ես կարող եմ անել եւ անում եմ: Երկար տարիների ճանապարհ ենք անցել միասին, ու ես վստահ էի, որ նրանք կանեին այն ամենը, ինչն ինձ՝ որպես դերասանի կոգեւորեր ու աշխատանքին նոր շունչ կտար: Կարծում եմ՝  նախագիծը շարունական կլինի, քանի որ Գոշայի կերպարը դեռ ասելիք ունի»:

Իսկ ո՞վ է Գոշան: Նրան թե´ Սարգիսը, թե´ Մկրտիչը որակեցին որպես դրական, հետաքրքրասեր եւ մի քիչ տարօրինակ անձնավորություն, որը հակված է արկածային իրավիճակներում հայտնվելուն.

«Նա ապրում է միայնակ եւ փողոց դուրս գալիս հայտնվում է շատ տարբեր արկածներում, որոնք կարող են պատահել ցանկացած մարդու հետ, որն ապրում է մեծ քաղաքում, բայց նաեւ շատ հետաքրքրասեր է ու վախկոտ, այդ պատճառով այն, ինչ մյուսների կողքով կարող էր անցնել, նրան չի շրջանցում»,-նկատեց Սարգիսը:

Նախագծի անոնսից հետո շատերը շտապեցին Գոշային նույնացնել Ռոուեն Ատկինսոնի հանրահայտ կերպարի՝ Միսթր Բինի հետ, սակայն ըստ Մկոյի՝ Գոշան եւ Բինը շատ տարբեր են.

«Միսթր Բինին բացարձակ նման չէ: Նմանատիպ կերպարներ մինչ Միսթր Բինն էլ են ստեղծել: Միսթր Բինի համեմատումը Գոշայի հետ ինձ համար, նունիսկ, մի փոքր վիրավորական է, որովհետեւ նրանք տարբեր կերպարներ են, տարբեր տեսակետներ ունեն կյանքի վերաբերյալ: Հասկանալով, որ նմանատիպ նախագծեր եղել են ու շատ կան՝ փորձել ենք ստեղծել նոր կերպար, որը հետաքրքիր կլինի հեռուստադիտողի համար եւ կունենա երկար կյանք»:

Մկրտիչը, սակայն, չհերքեց, որ Գոշայի հիմքում կարելի է տեսնել «Կարգին սերիալի» իր հայտնի կերպարից՝ Ադիկից որոշ գծեր.

«Ինչ-որ տեղ Ադիկին կարելի է համարել այս կերպարի նախահայրը, այնուամենայնիվ Գոշան շատ է տարբերվում իր բնավորության գծերով եւ ապրելակերպով: Միայն մի քանի արտահայտությունների եւ իրեն հատուկ շարժումների շրջանակում այդ նմանությունն ավարտվում է եւ տեսնում ենք բոլորովին այլ կերպարի: Ես նաեւ շատ մեծ նվաճում եմ համարում, որ երկար ժամանակ մարմնավորելով Ադիկին, որն, ի դեպ, իմ ամենասիրելի կերպարներից մեկն է, այդ հիմքի վրա ստեղծել ենք մի նոր կերպար, որը հետաքրքիր կլինի ոչ միայն հայկական, այլեւ ռուսական շուկայի համար»:

Սարգիսն ու Մկրտիչը վերհիշեցին նաեւ ռուսական կողմի հետ աշխատանքային ընթացքն ու այն ջերմությունը, որը տիրում էր նկարահանման հրապարակում.

«Ամբողջ նկարահանող խումբը նախ շատ սիրեց նախագիծը, նաեւ շատ սիրեցին Մկոյին: Ինչպես մեր հանդիսատեսը, ռուսական կողմն էլ շատ արագ նույն կերպ նույն վերաբերմունքը ցուցաբերեց Մկոյի հանդեպ: Հույս ունենք, որ նույնը կլինի ռուսալեզու հանդիսատեսի դեպքում եւ կսիրեն նաեւ նրա մարմնավորած կերպարը»,-նշեց Սարգիսը, իսկ Մկրտիչը հավելեց.

«Նախագծի ռեժիսոր Միխայիլ Միրոնովը շատ նրբանկատ եւ մեծ փորձ ունեցող մարդ է, որի ներկայությունն այս աշխատանքում հրաշալի էր: Շատ ուրախ եմ, որ հենց ինքն էր ղեկավարում նկարահանման գործընթացը եւ հիշելով, թե ինչպես էինք միասին աշխատում եւ քննարկումներ ունենում ամբողջ թիմով, ելքեր գտնում ու ընդհանուր հայտարարի գալիս՝ չեմ վախենա ասել՝ մենք մեր կյանքերն ենք դրել այս նախագծի մեջ: Յուրաքանչյուր հաջողությունով՝ թե´ լավ նկարահանված կադրով, թե´ հաջող իմպրովիզացիայով, թե´ նոր լուծումներ գտնելով, այնքան ենք ուրախացել ու արել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի: Կարծում եմ՝ հենց այս զգացմունքային մասն է կարեւոր՝ այն փաստը, որ նախագիծն ունի հոգի»:

Գոշան Մկրտիչ Արզումանյանի առաջին գլխավոր կերպարն է ռուսական նախագծում: Դերասանը նշում է.

«Ոչ մի շուկայի համար աշխատելը հեշտ չէ: Ցանկացած երկրում աշխատելու համար պետք է հասկանաս, թե ինչպես են ապրում այնտեղի մարդիկ, ամեն ինչից պետք է լավ տեղյակ լինես, անընդհատ քեզ լրացնես, կատարելագործես, որովհետեւ կյանքն այսօր շատ արագ է փոխվում՝ կապ չունի Ռուսաստանում, Եվրոպական այլ երկրում, թե Հայաստանում. պետք է անընդատ լինես ակտուալ, կարդաս, հետաքրքրվես ու սովորես: Եթե ունակ չես սովորելու, նույն տեղում կարող ես մնալ տարիներ շարունակ»:

Ինչ վերաբերում է «Գոշայի» եթերային ճանապարհորդություններին՝ Սարգիս Մնոյանը տեղեկացրեց, որ թեեւ նախագիծը ստեղծվել է ռուսական շուկայի համար, այն այլ երկրներում հեռարձակվելու սահմանափակումներ չունի.

«Այնտեղ շատ քիչ տեքստ կա, առհասարակ, մնացած հերոսների դեպքում էլ դիալոգներն այնքան քիչ են, որ, նույնիսկ, թարգմանության կարիք չունեն եւ ըստ այդմ՝ նախագիծը հասկանալի կլինի շատերի համար»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սարգիս Մնոյանը



© NEWS.am STYLE