Ռուսական «Տատու» խմբի անգլալեզու All the Things She Said («Ես խելագարվել եմ» ռուսալեզու տարբերակում) սինգլը պլատինե կարգավիճակ է ստացել Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնել է հնչյունագիր արտադրողների բրիտանական ասոցիացիան (BPI)։
Ասոցիացիայի կայքում ասվում է, որ երգը թողարկվել է 2000 թվականի հունվարի 1-ին։ 2003 թվականի փետրվարի 7-ին նա ստացել է արծաթե կարգավիճակ, 2013 թվականի հուլիսի 22-ին՝ ոսկե, իսկ 2020 թվականի հունվարի 17-ին ՝ պլատինե։
Նշվում է, որ 20 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածքում վաճառվել է All the Things She Said երգի ավելի քան 600 հազար օրինակ:
«Տատու» խումբը ստեղծվել է 1999 թվականին։ Նրա մասնակիցներ Լենա Կատինան եւ Յուլյա Վոլկովան այդ ժամանակ դեռ չափահաս չեն եղել: Այնուամենայնիվ, բավականին արագ նրանք կարողացան դառնալ աշխարհի ամենահաջողակ ռուսական փոփ խմբերից մեկը: