18:31 30 հուլիսի, 2013Երգչուհի Զառան, ով հուլիսի 26-ին դարձավ 30 տարեկան, հյուրընկալվել է Անդրեյ Մալախովի «Пусть говорят» («Թող խոսեն») հաղորդմանը: Երգչուհին պատմել է երկրորդ ամուսնության մասին եւ ներկայացրել որդիներին՝ 3 տարեկան Դանիիլին եւ մեկ տարեկան Մաքսիմին: Հաղորդմանը մասնակցել են նաեւ Զառայի ծնողները՝ Պավել եւ Նադի Մղոյանները (տեսանյութի 26-րդ րոպեից), ովքեր պատմել են երգչուհու մանկության մասին:
«Զառան ծնվել է Լենինգրադում, բայց մենք ամեն տարի մեկնում էինք Հայաստան, քանի որ ես ծնվել եմ Լենինականում: Մենք ամեն տարի գնում էինք՝ մինչեւ 1988-ի երկրաշարժը, որի հետեւանքով քրոջս ամբողջ ընտանիքը զոհվեց: Ողջ մնաց միայն նրանց դուստրը՝ Լիանան, ում մենք որդեգրեցինք»,- պատմեց Զառայի մայրը: «Նա իմ զարմուհին է, բայց իրականում իմ քույրն է»,- հավելեց Զառան:
Երգչուհուն շնորհավորեց նաեւ նրա մորաքույրը՝ Սիմա Մուսոյանը Գյումրիից, ով Զառային մաղթանքներ հղեց փոքրիկ տեսահոլովակի միջոցով:
«Զառա, Գյումրիում բոլորը սպասում են, որ ինչ-որ մի օր ելույթ կունենաս այստեղ: Քեզ բոլորը սիրում եւ սպասում են: Բոլորին դուր է գալիս հատկապես «Դլե յաման» երգի քո կատարումը»,- նշեց երգչուհու մորաքույրը:
Զառան պատմեց նաեւ ամուսնու՝ Սերգեյի մասին (նա մայրաքաղաքային պաշտոնյա է):
«Սերգեյի հետ ծանոթացել եմ մեր ընդհանուր ընկերների մոտ: Երբ երգում էի, նկատեցի, որ մեկն ուշադիր, առանձնահատուկ կերպով ինձ է նայում, իսկ հետո սկսվեցին պարերը: Այդ երեկո միանգամից մի քանի մարդ ինձ պարի հրավիրեց: Մերժեցի առաջինին, երկրորդին, երրորդին… Եվ ահա մոտեցավ Սերյոժան, եւ բոլորը կարծում էին, թե նրա հետ նույնպես չեմ պարի: Իսկ ես պարեցի: Եվ պարելիս ես գլուխս նրա ուսին դրեցի: Երբ արեցի այդ, հասկացա, որ ինձ ամբողջությամբ պաշտպանված եմ զգում: Հետո Սերգեյն ինձ ասաց, որ իր համար նույնպես այդ պարը որոշիչ է եղել: Նա ասաց. «Դուք այնքան հարազատ էիր, որ անմիջապես ցանկացած հոգ տանել քո մասին»,- նշեց Զառան:
«Սերգեյը հիասքանչ ամուսին է, հիասքանչ հայր եւ հիասքանչ փեսա: Նա շատ է սիրում բոլորիս: Ինձ մայրիկ է կոչում, ամուսնուս՝ հայրիկ: Ռուս տղան ինձ մայր է կոչում: Ինձ համար այդ շատ հուզիչ է»,- հավելեց Զառայի մայրը: