«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման». Տիգրան Մանսուրյանը տոնում է 81-ամյակը

16:01   27 հունվարի, 2020

Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ, պարզապես, մեծանուն հայ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին տոնում է ծննդյան 81-ամյակը։

Մանսուրյանը հեղինակել է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Մանսուրյանի կինոերաժշտությունն ամենասիրվածներից է: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է կոմպոզիտորի ամենահայտնի մտքերից մի քանիսը, որոնք նա հնչեցրել է մեզ հետ ունեցած տարբեր հարցազրույցների ընթացքում:

«Երբ ավարտում ես որեւէ գործ, դրանից բաժանվելու դատարկությունը դժվար ապրվող վիճակ է»:

«Ես մեկն եմ, ով գործում է ավանդույթի ներսում»:

«Երբ ասում են կուսակցություն, ես ասում եմ՝ կուսակցությամբ հայ եմ»:

«Միակ լեզուն, որով ես կարող եմ երաժշտություն գրել, հայերենն է: Անգամ երբ, ընտրությամբ, դիմել եմ այլ լեզուների, իմ երաժշտության լեզուն մնացել է հայերենը»:

«Եվ դժվարությունները, եւ ուրախություններն Աստծո նվերն են եղել ինձ: Երկուսի շնորհիվ ես այսօր այսպիսին եմ»:

«Իմ իրականությունից փախչող երբեք չեմ եղել: Ինչ կամ, այդ եմ»:

«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»:

«Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»:

«Դասական երաժշտությունն այսօր մեկ տոկոս է կազմում ընդհանուր երաժշտության մեջ։ Մնացածն ամբողջությամբ տրված է հաճույքին, զվարճանքին․ դա են գերադասում»:

«Կնոջիցս կուզեի լսել ամենասպասված շնորհավորանքը, բայց նա այլեւս չկա․․․»։



© NEWS.am STYLE