«Անկեղծ ասած` երբեմն երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին ուզում եմ նորից հասնել». Տիգրան Մանսուրյան

17:47   27 հունվարի, 2020

Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ, պարզապես, մեծանուն հայ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին տոնում է ծննդյան 81-ամյակը։ Մաեստրոն չի պատրաստվում հանգստանալ անգամ ծննդյան օրը: Նա վաղ առավոտյան է վերադարձել Չեխիայում կայացած իր շրջագայությունից, իսկ այսօր մասնկցել է իր հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսին, կիսվել խոհերով ու նորություններով:

«Չեխիայում երկու օր հնչեց իմ «Ռեքվիեմը», ունեցա հանդիպումներ այնտեղի հայ համայնքի տարբեր խմբերի հետ, եւ, անշուշտ, համերգներ, որոնք շատ պատասխանատու էին: «Ռեքվիեմը» աշխարհի տարբեր մայրցամաքներում շատ է հնչել: Այս համերգներն ընդունելութան եւ քաղաքի երաժշտական կյանքի տեսանկյունց շատ կարեւորվեցին ինձ համար»,- պատմում է կոմպոզիտորը, որն արդեն ձեռնամուխ է եղել նոր աշխատանքին:

«Շատ ծանր մի գործով եմ զբաղված, որն աշնանը պետք է հնչի Իտալիայի երեք քաղաքներում: Շատ մտահոգ եմ այս գործի որակի հետ կապված: Մինչեւ մարտի վերջ այն պետք է ավարտեմ: Այս տարի աշխարհի մշակութային իրականությունը տոնում է Ալիգիերի Դանթեի 700 տարին: Այս առիթով երեք հեղինակի առաջարկել են, որ ամեն մեկը գրի «Աստվածային կատակերգության» մի հատվածը` «Դժողք», «Քավարան» եւ «Դրախտ»: Ինձ առաջակվել է «Քավարանի» հատվածը: Ես հանաձայնվեցի: Ճիշտն ասած` այլ ծրագրեր էլ կան, որոնց դեռ վերջնական պատասխան չեմ տվել: Սովորաբար, երբ ճամփորդությունից վերադառնում ես, հայացքդ քո աշխատանքի վերաբերյալ վերանորոգված է լինում»,- ասում է նա ու հավելում` իր հայաստանյան գործունեության մեջ նախապատվությունն այս շրջանում տալիս է հայ պոեզիային, ինչի հետ կապված էին իր նախորդ տարվա հոբելյանական համերգները:

Իսկ այս տարի, ինչպես ինքն է նշում` տարեդարձը լինելու է «սովորական»: «Երեկոյան մտերիմներով կհավաքվենք, մի քիչ կզրուցենք, կենաց կբարձրացնենք... Առաջ ավելի թարմ էին զգացողությունները: Առաջ ամբողջն իմաստ ուներ, հիմա ըստ երեւույթին` մի կողմից հոգսերի ծանրությունը, մյուս կողմից տարիքը մի քիչ առօրեական են դառնում: Անկեղծ ասած` երբեմն երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին ուզում եմ նորից հասնել. այնպես չէ, որ չես զգում քո տարիքը... զգում ես»:

Խոսելով նորագույն երաժշտության մասին` Մանսուրյանը նշում է. «Ունկնդրողական փորձ է պետք: Մենք առավելաբար կապված ենք դասական երաժշտությանը եւ հաճախ պատրաստ չենք նորագույնն ընկալել: Մենք ունենք յուրացնելու խնդիր: Վաղը նոր հեղինակները կշատանան եւ այն խնդիրը, որ մենք ունենք անորակ երաժշտության հետ, ինքնին իր լուծումը կստանա: Ամեն հեղինակ միաժամանակ տնտեսություն վարող է, պետք է գիտակցես` ինչ է պակաս, ինչ պետք է բերես, ինչը` մերժես...

Պետք է հետեւես` ինչ է տեղի ունենում միջազգային շուկայում: Միջազգային անունների հետ հաղորդակցությունը շատ կարեւոր է: Ներդաշնակությունը ուզած գործիքի նվագն է, աններդաշնակութունը աղմուկն է, որը եւս մտնում է երաժշտական արվեստի մեջ: Այնքան նոր բեւեռներ են գալիս այս բնագավառ. անգամ, եթե քոնը չեն, պետք է տեղյակ լինես»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE