«Չեմ էլ զգացել` երբ ու ինչպես սիրահարվեցի». Էլեն Ազնավուրյանի անձնական երջանկությունն ու ներկայիս աշխատանքը

13:05   29 հունվարի, 2020

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, որը հեռուստադիտողների լայն զանգվածին հայտնի է «Պատվից առավել» հեռուստասերիալից, այս շրջանում վայելում է անձնական երջանկությունը: Դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ բժիշկ Բորիս Մկրտչյանն է, որին Էլենը համարում է 2019-ի իր կարեւորագույն ձեռքբերումը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիրելիի հետ ծանոթության եւ ներկայիս զբաղվածության մասին:

«Մեր ծանոթությունն ինձ համար պատահական է եղել, բայց իր համար` ոչ այնքան, քանի որ հանդիպումը հենց ինքն էր կազմակերպել`մեր ընդհանուր ընկերների միջոցով: Մինչ այդ, երբեք չէինք հանդիպել ու, նույնիսկ, հեռակա ծանոթ չէինք: Ինձ պատահական էր տեսել, որից հետո պարզել, որ ընդհանուր շատ ծանոթներ ու ընկերներ ունենք»:

Հարցին, թե Բորիսն իրեն որ հատկանիշով է գրավել, Էլենը պատասխանում է.

«Անկեղծ` չեմ կարող ասել, թե իր մեջ ինձ կոնկրետ որ հատկանիշն է դուր գալիս: Չեմ էլ զգացել` երբ ու ինչպես սիրահարվեցի: Ինձ համար նա օժտված է ամենալավ հատկանիշներով»:

Նաեւ խոստովանում է, որ ընտրյալը խանդոտ է.

«Ոչ միայն մասնագիտությանս հարցում` ընդհանրապես խանդոտ է, ես էլ իրեն չեմ զիջում այդ հարցում (ծիծաղում է)»:

Այս պահին Էլենը չի նկարահանվում, թեեւ իր խոսքով` առաջարկ եղել է.

«Ներկա պահին հանդես եմ գալիս որպես ֆոտոմոդել, բայց էկրանային հետագա գործունեությանս մասին հիմա հստակ ոչինչ ասել չեմ կարող, չնայած` այս ընթացքում առաջարկներ ունեցել եմ: Հիմա այլ զբաղմունք ունեմ` Instagram-ում իմ փոքրիկ բիզնեսով եմ զբաղված, նաեւ` դասերովս»:

Իսկ հարցին, թե երբ են ծրագրում ամուսնանալ, պատասխանեց.

«Հետագա ծրագրերի մասին դեռեւս չեմ կարող խոսել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էլեն Ազնավուրյանը

 



© NEWS.am STYLE