Exclusive. «Ուրախ կլինեմ, եթե ինձ հաջողվի ոգեշնչել որեւէ հայի». «Գրեմմիի» դափնեկիր ամերիկահայ երգահան Դանիել Թաշյան

14:35   31 հունվարի, 2020

Ամերիկայահայ հայտնի երգահան եւ պրոդյուսեր Դանիել Թաշյանն աշխարհին հայտնի մեր այն հայրենակիցներից է, որին հաջողվել է ստեղծել հիացմունքի արժանի երաժշտական կարիերա: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ հաջողությամբ պայմանագիր կնքեց Electra Records-ի հետ:

Իր երկարատեւ երաժշտական կարիերարայի ընթացքում Թաշյանը հասցրել է համագործակցել մի շարք հայտնի անունների հետ, որոնցից է քանթրի ժանրի ճանաչված երգչուհի Քեյսի Մասգրեյվսը, որի Golden Hour ձայնասկավառակը 2019 թ-ին արժանացավ «Գրեմմի» մրցանակի: Հայ երգահանը, որը հեղինակել էր ալբոմի 13 երգերից 7-ը, եւս արժանացավ երկու «Գրեմմիի» եւ մեկական ACM եւ CMA մրցանակների:

NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել Դանիել Թաշյանի հետ՝ անդրադառնալով նրա երաժշտական ուղուն եւ հաջողություններին:

Պարոն Թաշյան, եթե չեմ սխալվում, երաժշտական ընտանիքում եք ծնվել: Կպատմե՞ք Ձեր ծնողների մասին:

Այո, ծնողներս երկուսն էլ երաժիշտներ են: Մայրս կիթառ է նվագում, հայրս՝ դաշնամուր եւ կիթառ: Նրանք նաեւ երգում են: Իմ մանկության ամենատարածված հնչյունները հենց նրանց երաժշտության ձայներն էին:

Որտեղի՞ց եք արմատներով:

Հայրս հայ է, մայրս՝ գերմանուհի, իսկ ես ծնվել եմ ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում, մենք Թենեսի ենք տեղափոխվել, երբ ես 10 տարեկան էի: Այդ օրվանից ի վեր այնտեղ եմ բնակվում: Իմ նախնիները Էլիս կղզուց էին: Հայրական կողմիս պապը հայ էր, մինչ այդ Սիրիայում էին ապրում:

Ինչպես հայտնի է, երաժշտությամբ տարված էիք դեռեւս մանկությունից: Ի՞նչն էր Ձեզ այդքան գրավում:

Ինձ համար ռադիոյից հնչող ձայնը շատ հուզիչ էր, այն ինձ վաղ հասակից կապում էր հրաշքի հետ: Դայանա Ռոս, Օլիվիա Նյուտոն-Ջոն՝ հատկապես նրանց երգերն էի լսում: Ուզում էի այդ հրաշքի զգացողությունն ինքս էլ ստեղծել:

Իսկ Electra Records-ի հետ ինչպե՞ս սկսեցիք համագործակցել:

Երբ դեռ դեռահաս էի, Electra-ի աշխատակիցներից մեկն ինձ տեսավ նվագելիս եւ երգելիս: Այդ ստեղծագործությունը գրել էի Նեշվիլի սրճարաններից մեկում: Նա ինձ առաջարկեց ձայնագրման պայմանագիր կնքել ու այդպես ամեն ինչ սկսվեց:

Դուք ստեղծագործում եք ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների համար: Ո՞ւմ համար է ավելի հեշտ գրելը:

Այն, ինչ ես անում եմ, բոլորի համար հավասարաչափ եմ անում: Ինձ դուր է գալիս ստեղծագործական ընթացքը, կապ չունի՝ մեծերի համար եմ գրում, թե փոքրերի:

Երեխաների համար գրելն, այնուամենայնիվ, պատասխանատու գործ է. ինչպե՞ս եք փորձում ճիշտ մոտեցում գտնել:

Երբ գրում ես երեխաների համար կամ երեխաների հետ միասին, պետք է աշխատես պարզ բաներ ստեղծագործել, որոնք հեշտ հիշվող կլինեն, որպեսզի նրանք էլ կարողանան արտաբերել եւ երգել դա: Դա է օգնում գրելու ընթացքում: Եթե նրանք չեն կարողանում երգել քեզ հետ կամ միայնակ, ուրեմն պետք է ամեն ինչ նորից սկսես: Նրանք քեզ կհուշեն՝ որքանով է դա հեշտ կամ բարդ:

Շատ հայտնի արտիստների հետ եք համագործակցել, որոնցից, թերեւս, առանձնացնեմ Քեյսի Մասգրեյվսին, որի ձայնասկավառակը Ձեզ եւս բերեց «Գրեմմի» մրցանակ. ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր համագործակցությունը:

Քեյսիին մի քանի տարի առաջ եմ հանդիպել: Իեն Ֆիտչուկն առաջարկեց, որ միասին մի բան գրենք: Մեզ բոլորիս այդ միտքը դուր եկավ, եւ մենք սկսեցինք գրել երգեր, որոնք ընդգրկվեցին նրա ձայնասկավառակում եւ այն շահեց «Գրեմմի» մրցանակ:

Գիտե՞ք, հայերը միշտ ուրախանում են մեծ բեմերից լսելով հայկական ազգանուններ: Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ ստանում էիք «Գրեմմիի» մրցանակը:

Ինձ համար դա, իհարկե, մեծ պատիվ էր: Հիշում եմ, երբ ինձ ասում էին՝ Աղասին կամ Մայքլ Օմարթյանը հայ են, ես միշտ դրան հատուկ ուշադրություն էի դարձնում ու հպարտանում, որովհետեւ ոգեշնչող է, երբ քեզ նման մեկը հասնում է այդպիսի բարձրունքների. դա օգնում է, որ հավատաս, որ դու ինքդ էլ կարող ես մի բան անել: Ես միայն ուրախ կլինեմ, եթե ինձ էլ հաջողվի ոգեշնչել որեւէ հայի:

Հայաստանում եղե՞լ եք:

Չէ, ինքս երբեք չեմ եղել, բայց հորեղբայրս եւ հորաքույրս մի քանի անգամ եղել են: Հուսով եմ՝ մի օր էլ ինձ կհաջողվի այցելել: Իմ ազգանունն իրականում Թաշճյան է եղել, «ճ» տառը փոխվել է, որպեսզի ավելի հեշտ արտասանվի Ամերիկայում, բայց ինձ հենց «ճ»-ով է շատ դուր գալիս, այնպես որ՝ միգուցե մի օր վերականգնեմ օրիգինալ ազգանունս:

Վերջին շրջանում, ի դեպ, Հայաստանը հաճախ է հյուրընկալում հայտնի արտիստների: Մի՞գուցե, մի օր էլ Դուք այցելեք Ձեր բենդի՝ The Silver Seas-ի հետ:

Դա հրաշալի կլիներ, շնորհակալ եմ, որ տեղեկացված եք նաեւ մեր խմբի մասին: Շատ կցանկանայի ավելի շատ ժամանակ տրամադրել նրանց հետ աշխատանքին, բայց այս շրջանում շատ արտիստներից եմ համագործակցության առաջարկներ ստանում: Կարծում եմ՝ պետք է բռնել շողերը, քանի դեռ արեւը փայլում է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Kevin Winter/Getty Images, Nelson Barnard/Getty Images, Michael Loccisano/Getty Images, musiccitymike.net



© NEWS.am STYLE